Վրաստանի ԱԳՆ-ն ստուգում է Ղարաբաղում Սերժ Սարգսյանի և Աբխազիայի պատվիրակության անդամների հանդիպման մասին տեղեկությունը

Վրացական Interpressnews պարբերականը հայտնում է, որ Վրաստանի արտգործնախարարությունն ստուգում է Աբխազիայի պատվիրակության` Լեռնային Ղարաբաղ այցի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տեղեկությունը:

Ինչպես հայտնել են Interpressnews-ին գերատեսչության մամուլի ծառայությունից, տեղեկությունը ստուգվում է ինչպես Վրաստանում Հայաստանի, այնպես էլ Հայաստանում Վրաստանի դեսպանությունների կողմից:

Նշվում է, որ աբխազական պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղում մասնակցել է հանրապետության 25-ամյակի տոնակատարություններին:

Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքում: Դրանում ասվում է, որ պատվիրակությունը գլխավորում է Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան:

Պատվիրակության անդամները շնորհավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին անկախության 25-ամյակի կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դժվարին ճանապարհ է անցել մինչ գլխավոր նպատակին` Հանրապետության անկախությանը հասնելը: Աբխազների համար առանձնահատուկ կարևոր է այս օրը լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին»,- հայտարարել է Գաբնիան:

Նա հույս է հայտնել, որ հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ ավելի են խորանալու:

Տեղեկության մեջ նշվում է, որ այցը շարունակվում է, տոնական միջոցառումների շրջանակում աբխազական պատվիրակությունը հանդիպել է Հարավային Օսիայի և Մերձդնեստրի պատվիրակությունների անդամների հետ:

997949572e02c3d5b591e3b4d47c1907

Տեսանյութեր

Լրահոս