«Հայաստանի նման փոքր երկրի համար սենսացիա ենք գրանցել». Գոռ Մինասյան
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը գոհ են իրենց գրանցած արդյունքներից: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ համատեղ ասուլիսում մարզիկները հայտնեցին, ո ր այժմ արդեն սկսել են մարզումները:
«Շնորհակալ եմ այսպիսի ուշադրության համար: Մարզիկների աշխատանքի հետ կապված ուզում եմ ասել, որ հավաքականը մի քանի ամիս առաջ արդեն ձևավորվել էր, կարգավորված էր: Գիտեինք՝ ինչ էին պլանավորում: Ես ոչ մի անգամ մեդալների հետ կապված հարցերի չեմ պատասխանել, հիմա էլ չեմ մեկնաբանի ոչինչ, դուք ամեն ինչ տեսնում եք: Տղաների ոգևորությունը ինքներդ նկատեցիք: Մեզ համար դժվար էր Անդրանիկ Կարապետյանի վնասվածքից հետո, դա կարող էր ազդել մեզ վրա, սակայն ամեն ինչ լավ դասավորվեց, տղաներն արեցին այն, ինչն ի վիճակի էին»,-նշեց Փաշիկ Ալավերդյանը:
Իր մրցելույթների մասին խոսեց Սիմոն Մարտիրոսյանը. «Ընտանիքս շատ է ուրախացել: Էջմիածնում ևս ջերմ ընդունելության արժանացա, մեդալ նվիրեցին ինձ: Դեռևս միայն հորեղբորս կողմից եմ նվեր ստացել, պետական պարգև դեռ չեմ ստացել, սակայն դա էլ կլինի իր ժամանակին»:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերից ավարտից հետո Գոռ Մինասյանը հայտնեց, որ տպավորությունները, շատ լավն են ու վառ:
«Արդարացրել ենք ազգի, ղեկավարության, մարզիչների հույսերը: Ուրախ ենք, որ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել Օլիմպիական խաղերում: Հայաստանի նման փոքր երկրի համար սենսացիա ենք գրանցել», – ասաց նա: