Բաժիններ՝

«Լավ արդյունքներ ակնկալել չենք կարող». Սամվել Ռոստոմյանը՝ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի մասնակցության մասին

Սեպտեմբերի 7-18-ը Ռիոյում կմեկնարկեն Պարալիմպիկ խաղերը: Այս տարի Հայաստանը Պարալիմպիկ խաղերում կներկայանա շատ փոքր կազմով: Հայաստանը կներկայացնեն Մարգարիտա Հովակիմյանը՝ լող՝ 100 մ բրաս, 50 մ կրոլ, և Գրետա Վարդանյանը՝ ծանրամարտ, 55 կգ քաշային կարգ:

Մարգարիտա Հովակիմյանը մասնակցել է Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին: Այս խաղերում Մարգարիտան ցուցադրել է իր լավագույն արդյունքը:

Գրետա Վարդանյանը մասնակցել է 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին: Լոնդոնում Գրետան գրավել է 7-րդ հորիզոնականը:

«Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը նշեց, որ Ռիո են մեկնելու երկու մարզիկներ՝ ոչ թե այն պատճառով, որ նրանք ցուցադրել են լավագույն արդյունքը, այլ այն պատճառով, որ Հայաստանում չկան հաշմանդամություն ունեցող այլ մարզիկներ:

epa03378441-armenias-greta-vardanyan-reacts-during-the-womens-powerlifting-CKYM1M 9976

«Նախկինում ունեինք 10 լողորդ, հիմա նրանց թիվը շատ քիչ է: Նույնը ծանրամարտում է: Կարող էինք ունենալ տարբեր սպորտաձևեր ներկայացնող մարզիկներ, բայց չունենք:

Զարգանալու համար մեզ պետք է մի փոքր մասսայականություն և մարզաձևի ճիշտ ընտրություն: Պետք է միջոցառումներ կազմակերպել, որտեղ կարող ենք ընդգրկել հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- նշեց Ռոստոմյանը:
Սամվել Ռոստոմյանը նշեց, որ տարեկան երկու փառատոն անելով՝ հաշմանդամային սպորտ հնարավոր չէ զարգացնել: Առագաստային սպորտի հայկական պարալիմպիկ առաջին թիմի մարզիչ և հիմնադիր Սամվել Ռոստոմյանի խոսքով՝ եթե ամեն բան շարունակվի նույն կերպ, ապա հետագայում չեն լինի մեր երկու ներկայացուցիչներին փոխարինող մարզիկներ:

Ըստ Ս. Ռոստոմյանի՝ Ռիոյի Պարալիմպիկ խաղերը լինելու են հերթական առաջնություն մեր մարզիկների համար, և մենք չպետք է սպասենք հաջողությունների. «Լավ արդյունքներ ակնկալել չենք կարող, քանի որ խնդիրները շատ են»:

Սամվել Ռոստոմյանի խոսքով՝ Պարալիմպիկ խաղերը գրեթե ոչնչով չեն տարբերվում Օլիմպիական խաղերից:

«Այն, ինչ կատարվում է Օլիմպիական խաղերում, մարզիկների հանդեպ վերաբերմունքը, անարդար մրցավարությունը, այդ ամենն առկա է նաև Պարալիմպիկ խաղերում: Ոչ մի տարբերություն չկա, որ նրանք հաշմանդամություն ունեցող մարդիկ են: Հաշմանդամություն ունենալ՝ չի նշանակում՝ հիվանդ լինել, և մարզիկների նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչ մեծ սպորտում»:

Արդեն վաղը հայկական պատվիրակությունը կմեկնի Ռիո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս