«Փորձ է արվում զրոյացնել այն հսկայական դրական աշխատանքը, որը նախաձեռնել է ՀՀ դաշնակից Ռուսաստանը». Արտաշես Գեղամյան
«Հերթական անգամ փորձ է արվում զրոյացնել այն հսկայական դրական աշխատանքը, որը նախաձեռնել է ՀՀ դաշնակից Ռուսաստանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին «հայկական սփյուռքի» ներկայացուցիչների անունից տարածվող «գաղտնազերծումներին» և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի արտաքսմանը Ռուսաստանի Դաշնությունից:
Հիշեցնենք, որ համացանցում իրար հերթ չտալով՝ շրջանառության մեջ դրվեցին ռուսալեզու հրապարակումներ հայկական սփյուռքի անունից այն մասին, թե Հայաստանում ինչ քաղաքական, քաղաքացիական, օտարերկրյա գործիչներ են աշխատում իբրև թե՝ ընդդեմ ՀՀ շահերի և հօգուտ ԱՄՆ-ի` նրանց որակելով՝ որպես ԱՄՆ գործակալներ: Հրապարակումներում ՀՀ իշխանություններին կոչ էր արվում այդ գործիչների դեմ քայլեր ձեռնարկել:
Ավելին, օրերս հայտնի դարձավ նաև, որ արգելվել է արևմտյան որոշ կազմակերպությունների հետ աշխատող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ մինչև 2030 թվական: Մի շարք փորձագետներ գտնում են, որ տարածվող հաղորդագրությունների ետևում ռուսական հատուկ ծառայություններն են, և ճնշումներ են սկսվել հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:
Արտաշես Գեղամյանն անդրադառնալով կատարվածի վերաբերյալ հնչած կարծիքներին՝ ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները տրված են 2-3 օր առաջ թուրքական լրատվամիջոցով հրապարակված այն յոթ հարցադրումներում, որոնք ներկայացվել են Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:
Նրա համոզմամբ՝ եթե աղմուկ բարձրացնողներն ուշադիր կարդան այդ յոթ հարցադրումները, ապա կհասկանան, որ հերթական անգամ փորձ է արվում այն հսկայական դրական աշխատանքը, որը, ինչպես ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավավորը, նախաձեռնել է ՀՀ դաշնակից Ռուսաստանը, զրոյացնել, անտեսել` մեջտեղ հանելով երկրորդական, երրորդական, անգամ գավառական կոնսպիրոլոգիայի մակարդակի ցածր հարցեր:
Տեղեկացնենք, որ թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն իր օրերս հրապարակած հոդվածում անդրադարձել էր Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով իր սեփական տեղեկությունները: «Sözcü» թերթի էլեկտրոնային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդել էր, թե Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախապայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Այդ կետերը, ըստ թուրք հոդվածագրի՝ վերաբերում են սիրիական, ղարաբաղյան հակամարտություններին, քրդական հարցին, Ղրիմի հարցում թուրքական դիրքորոշմանը, Թուրքիայում հակառուսական տրամադրություններին և այլն: