ՌԴ-ում Հայաստանի ԶՈՒ դասալիք զինծառայող է ձերբակալվել
Հայաստանի զինված ուժերի դասալիք զինծառայող է ձերբակալվել Տոբոլսկում, հայտարարել է Տյումենի մարզի դատախազությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Տյումենի դատախազության տվյալներով՝ ՀՀ քաղաքացի Վահե Հովհաննիսյանը հայկական բանակում ծառայել է 2009 թվականից: 2016թ. փետրվարին 28-ամյա Հովհաննիսյանը, ով վաշտի հրամանատար էր, արձակուրդ է վերցրել և հեռացել երկրից:
Փաստի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ «դասալքություն» հոդվածով: Տղամարդուն հեռակա կարգով մեղադրանք էր առաջադրվել:
«Օգոստոսի 29-ին Հովհաննիսյանը ձերբակալվել է Տոբոլսկում` իրավապահների կողմից: Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նա հետախուզման մեջ է: Դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է»,- նշված է դատախազության հայտարարության մեջ:
Դատախազության տեղեկություններով` Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվել է ստուգում, որի նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն` նրան Հայաստանի իշխանություններին արտահանձնելու համար: