«Տարածքները հանձնելու մասին խոսակցությունները շինծու են»․ ԼՂ ԱԺ նախագահ. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, «Ազատության» հետ զրույցում արձագանքելով ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ հարցին, ասաց, որ իր տպավորությունն այնպիսին չէ, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց կա:

«Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ: Այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և ես կարծում եմ, որ կողմերը ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված», – ասաց Ղուլյանը:

Ղարաբաղի խորհրդարանի նախագահը շինծու որակեց «հող՝ կարգավիճակի դիմաց» թեմայով խոսակցությունները․ «Այդ խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց մեզ հաջողվել է այն համաժողովրդական իմաստության շնորհիվ միշտ էլ գտնել հնարավորություններ․․․ Ես կարծում եմ, որ այս պահին այդ խոսակցությունները շինծու են, արհեստական են, նետված են, որպեսզի հասարակությունը պարզապես տատանումների մեջ լինի, և կարծում եմ, որ այս իմաստով Արցախի ժողովուրդը տրամադրված է, շատ ամուր կանգնած է իր հողի վրա և շարունակելու է իր պետականությունը կառուցել»:

Դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ տարբերակը ընդունելի չէ Ղարաբաղի իշխանությունների համար, Աշոտ Ղուլյանն արձագանքեց․ «Դա ժողովրդի որոշելիքն է, չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը ինչ-որ բան կարող է որոշել առանձին»:

Տեսանյութեր

Լրահոս