Բաժիններ՝

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային միջոցառումների ընդլայնման մասին` Ուկրաինայի գործերին միջամտության պատճառով:

Պատժամիջոցային ցուցակում են ընդգրկվել «Մոստոտրեստ» և «ՍԳՄ-Մոստ» շինարարական ընկերությունները, որոնք ներկայումս մասնակցում են Ղրիմում Կերչի նեղուցով անցնող կամրջի շինարարությանը, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերությունների մի շարք դուստր ընկերություններ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ընկերությունը, որը կապված է «Գազպրոմբանկի» հետ, որը պատժամիջոցային ցուցակում էր ներառվել դեռևս 2014 թվականին:

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեր գործընկերների հետ դատապարտում է Ռուսաստանի կողմից միջազգային օրենսդրական նորմերի խախտումը, մենք կշարունակենք պատժամիջոցային ռեժիմը նրանց նկատմամբ, ովքեր սպառնում են Ուկրաինայի խաղաղությանը, անվտանգությանն ու ինքնիշխանությանը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վարչության տնօրենի պաշտոնակատար Ջոն Սմիթը:

Նոր պատժամիջոցային փաթեթում ընդգրկվել են նաև Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների 6 ներկայացուցիչներ և Ղրիմի ևս 11 պաշտոնյաներ:

ՌԴ ԱԳՆ-ն և «Գազպրոմը» դեռ չեն մեկնաբանել Վաշինգտոնի որոշումը, սակայն նախկինում Ռուսաստանի ներկայացուցիչները հայտնել էին, թե պատժամիջոցները բացասաբար են ազդում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վրա:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախօրեին ամենամյա ճեպազրույցի ժամանակ հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս