Բաժիններ՝

«Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պետք է խոսվի և ֆիլմ նկարահանվի». ֆրանսահայ կինոռեժիսոր

Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պետք է խոսվի եւ ֆիլմ նկարահանվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆրանսահայ կինոռեժիսոր Առնո Խայաջանյանը, ում «Քարքարոտ արահետներ» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փ առատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ:

Ֆիլմը հուլիսի 15-ին ցուցադրվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղում:

«Սա առաջին անգամ էր, որ եղա Ղարաբաղում: Ինձ հատկապես շատ հետաքրքիր թվաց Երեւան-Ստեփանակերտ ճանապարհը.
հոյակապ բնապատկերներ, սահմաններ սարերից այն կողմ: Ստեփանակերտում ես շատ էի տպավորվել կենսուրախության եւ պատերազմի համաժամանակյա ներկայությամբ: Ես այնտեղ մարդկանց մեջ կյանքի ծարավ էի զգում, ուժեղ մարդկանց, ովքեր տառապել են: Իսկ ամենալավ հիշողություններս, թերեւս, կապված են զինծառայողների հետ: Հենց ֆիլմի ցուցադրությունից առաջ երիտասարդ զինծառայողների խումբը մտավ ներս: Նրանք մոտավորապես 18 տարեկան էին: Ես շատ ոգեւոր ված եւ միեւնույն ժամանակ զարմացած էի: Ցավոք, հնարավորություն չունեցա ցուցադրությունից հետո խոսելու նրանց հետ: Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ լսել, թե ինչ զգացողություններ են նրանք ունեցել իմ ֆիլմը դիտելիս»,- ասաց կինոռեժիսորը:

Առնո Խայաջանյանը նշեց, որ Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանելու նպատակ ունի: Նա նման հայտարարություն էր արել, երբ դեռեւս Հայաստանում էր` մտահոգություն հայտնելով, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում այս թեմայի մասին:

«Իմ նպատակն է Ղարաբաղում անցկացնել 1 ամիս եւ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի կարողանամ սցենար գրել: Այժմ ես կենտրոնացած եմ երիտասարդության վրա: Ինձ ավելի շատ հետաքրքրում են պատերազմի հետեւանքները, եւ դրանց ազդեցությունը նոր սերնդի վրա»,- ասաց ֆրանսահայ կինոռեժիսորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս