«Այսօր Արցախը դարձել է միջազգային չափանիշներին համապատասխանող, կայուն և զարգացող պետություն». Լյուդմիլա Սարգսյան

«Այսօր լրանում է Արցախի անկախության 25-ամյա տարելիցը: 25 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, որով հայտարարվեց հայկական երկրորդ պետության ստեղծումը: Արցախի անկախությունը հայ ժողովրդի համար ունի կարևորագույն նշանակություն և խորհրդանշում է մեր ազգի զարթոնքի դարաշրջանի սկիզբը: Դարեր շարունակ անկախություն չունենալուց և տարածքային կորուստներից հետո հայ ժողովուրդը կարողացավ վերագտնել իր ազատատենչ ոգին և Ադրբեջանի դժնդակ տիրապետությունից ազատագրել պատմական Հայաստանի նվիրական մասնիկը՝ Արցախը: Արցախի անկախությունից հետո Ադրբեջանի կողմից հայկական զույգ պետություններին պարտադրվեց անհավասար պատերազմ: Այս փորձությունից հայ ժողովուրդը դուրս եկավ հաղթանակած՝ ծնկի բերելով քանակական և նյութական առավելություն ունեցող թշնամուն:

Անցած 25 տարիների ընթացքում Արցախն անցավ պետականակերտման բարդագույն ուղի: Ի հեճուկս տնտեսական և քաղաքական ճնշումներին՝ հայկական երկրորդ պետությունը մայր Հայաստանի անվերապահ աջակցությամբ կայացավ: Արցախում ստեղծվեցին ժողովրդավարական պետությանը հարիր պետական ինստիտուտներ, ամրացավ բանակը, ձևավորվեց դինամիկ զարգացող տնտեսություն, ընդունվեց Սահմանադրություն, գործում է ակտիվ քաղաքացիական հասարակություն:

Այսօր Արցախը դարձել է միջազգային չափանիշներին համապատասխանող, կայուն և զարգացող պետություն, որը մեծ դեր է կատարում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում և ունակ հուսալի գործընկեր լինել միջազգային հանրության համար:

Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախը պաշտպանող հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի անկախությունն այլևս անխախտ իրողություն է, իսկ տարածքային զիջումներ կորզելու Ադրբեջանի ցանկությունը՝ պատրանք:

Վերակազմյալ Սոցիալ |Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է Արցախի ողջ ժողովրդին, Արցախի ղեկավարությանն ու բանակին Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ուժն ու կորովը, սահմանին կանգնած հայորդիների անանց խիզախությունը կարող են հաղթահարել բոլոր մարտահրավերները և ապահովել հայոց երկրորդ պետականության ազատ և անվտանգ զարգացումը»:

Լյուդմիլա Սարգսյան
Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանկենտրոնական վարչության ատենապետ

Տեսանյութեր

Լրահոս