ՍԴ-ն այսօր կհրապարակի Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների վերաբերյալ որոշումը
Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանատության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը։ Դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ։
Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը կորոշի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը. ըստ 1-ին մասի՝ միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվծաը վերաբերում է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգմանը։ Հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին:
Այս գործով Սահմանադրական դատարանը որպես զեկուցող էր նշանակվել ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը, որպես պատասխանող կողմ ներգրավվել էր ՀՀ Ազգային ժողովը՝ որպես ակտն ընդունած մարմին։ Գործը Սահմանադրական դատարանում քննվում է գրավոր ընթացակարգով։
Զեկուցող Հրանտ Նազարյանն ասաց, որ գործը քննության նախապատրաստելու շրջանակներում անհրաժտություն էր առաջացել պահանջելու և ուսումնասիրելու դիմողների՝ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի դատաքննության վերաբերյալ նյութերը, որոնք ստացվել են, ուսումնասիրվել, արվել են ուսումնասիրություններ, հետևություններ։ Նա նշեց, որ պատասխանող կողմը՝ ԱԺ-ն, չի ընդունել դիմողների փաստարկները՝ համարելով, որ վիճարկվող նորմերը սահմանադրական են։