ԱՄՆ-ի երեք նահանգներում արտակարգ դրություն է սահմանվել «Էրմինա» փոթորկի մոտենալու պատճառով
ԱՄՆ-ի երեք նահանգների՝ Ֆլորիդայի, Ջորջիայի եւ Հյուսիսային Կարոլինայի տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել «Էրմինա» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին ասված է նշված նահանգների նահանգապետերի պաշտոնական կայքերում հրապարակված հայտարարություններում:
Ֆլորիդայում, որը, Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի կանխատեսումների համաձայն, առաջինը կլինի «Էրմինայի» ճանապարհին, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել 67 շրջաններից 51-ում: Դրանցում փակվել են պետական հիմնարկությունները, մի շարք վայրերում տարհանում է հայտարարված: Նահանգապետ Ռիկ Սքոթը կարգադրել է Ազգային գվարդիայի 6 հազար մարտիկների նախապատրաստել հնարավոր վնասը վերացնելու համար: Վերջին անգամ Ֆլորիդայում փոթորիկ է մոլեգնել 2005 թվականի հոկտեմբերին, երբ դրա զոհ դարձավ հինգ մարդ, վնասները գնահատվեցին 23 մլրդ դոլար:
«Էրմինան» օգոստոսի 31-ին ձեւավորվել է Մեքսիկական ծոցի ջրատարածքում՝ դառնալով Ատլանտիկայում ծովամրրիկների ընթացիկ տարեշրջանի ութերորդ արեւադարձային փոթորիկը: Մոտավորապես մեկ օր անց մթնոլորտային երեւույթը հասել է փոթորկի ուժգնության: Ներկայում դրա էպիկենտրոնում քամու արագությունը գերազանցում է ժամում 120 կիլոմետրը:
Փոթորիկը Ֆլորիդայի ծովափին մոտենում է ժամում մոտավորապես 20 կիլոմետր արագությամբ: Ինչպես սպասվում է, այն բնակելի շրջաններին կհասնի ուշ գիշերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: