![](/banners/BeFunky-design.jpg)
Եվգենի Սատանովսկին՝ իսլամական պետությունների ներկայացուցիչների «ղարաբաղյան» նիստի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/22130.jpg)
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ հարցով Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) կոնտակտային խմբի առաջին նիստը ծրագրված է անցկացնել սեպտեմբերին՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: Նիստն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով:
ԻՀԿ-ի կոնտակտային խումբը, ըստ ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկու, ստեղծվել է ընդամենը մեկ նպատակով՝ Հայաստանին վնասելու:
«Իսլամական աշխարհի երկրների կոնտակտային խումբը որոշել է ներխուժել նաև ղարաբաղյան խնդիրների մեջ: Նպատակը մեկն է՝ վատություն անել:
Նման կառույցների նպատակը բացառապես քաղաքական սպեկուլյացիաներն է, և ոչ մի դրական բան դրանցից սպասել չի կարելի»,- ասել է Սատանովսկին Rusarminfo-ի հետ զրույցում:
Փորձագետի կարծիքով՝ ԻՀԿ-ի կոնտակտային խմբի նիստը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, քանի որ նրանց ընդունած որոշումները չունեն գործնական կիրառություն, ինչի մասին վկայում է Իսրայելի օրինակը, որով երկար ժամանակ ԻՀԿ-ն նույնպես զբաղվել է:
ԼՂ հարցով ԻՀԿ-ի կոնտակտային խումբը ստեղծվել է 2016թ. ապրիլին Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ երկրների 13-րդ գագաթաժողովի արդյունքներով: Դրա կազմի մեջ մտել են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին: