Ովքեր են ՌԴ-ում «ոչ ցանկալի» անձ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Այն միջադեպը, որը վերջերս տեղի ունեցավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ, թույլ է տալիս ենթադրելու, որ «ամերիկյան գործակալների» վերաբերյալ հրապարակումները հրահանգվում են եթե ոչ ԱԴԾ-ի (ФСБ), ապա, համենայնդեպս, պաշտոնական շրջանակների կողմից։ Ըստ երևույթին, ՌԴ-ում մարդիկ կան, որոնք որոշել են լրջորեն զբաղվել «գործակալներով»։ Քաղաքագետին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ։
Եվ այսպես՝ օտար պետության (ոչ Ռուսաստանի) քաղաքացին շփվում է կամ համագործակցում է ինչ-որ միջազգային կառույցների, քաղաքագիտական շրջանակների հետ, որոնց դիրքորոշումը Ռուսաստանի իշխանությանը դուր չի գալիս։ Կամ ՝ ենթադրենք, ելույթներ է ունենում ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի դեմ։ Տրամաբանությունը պահանջում է բացատրել, թե ինչով է այդ քաղաքացին վտանգ ներկայացնում Ռուսաստանի համար։ Հակառակ դեպքում դա շատ նման է մեծապետական լկտիության և ցուցադրական վրեժխնդրության ՝ պարանոյայի մեծ չափաբաժնով։
Չգիտեմ, գուցե ես էլ, որ երբեմն ռուսաստանյան իշխանությունների համար ոչ հաճո բաներ եմ գրում, հայտնվել եմ ոչ ցանկալի անձանց «սև ցուցակում», և իմ մուտքը Ռուսաստան նույնպես արգելված է։ Դա շատ ցավալի կլինի, որովհետև Տոլստոյի, Դոստոևսկու, Չայկովսկու, Պրոկոֆևի երկիրը ես սիրում եմ։ Անկախ այն հանգամանքից, որ այդ երկրի իշխանությունը, մեղմ ասած, հիմարություններ անելու «դարավոր ավանդույթ» ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: