Զբոսաշրջային գործակալությունների հաճախորդները շատացել են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով:
Պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է նաև, թե զբոսաշրջիկներից քանիսն են մեկնել ինքնուրույն, և քանիսը՝ զբոսաշրջային գործակալությունների միջոցով։ Թվային տեխնոլոգիաների և ինտերնետի տարածումը հանգեցրել է նրան, որ ինքնուրույն մեկնողների թիվը աստիճանաբար ավելացել է և մեկնողների մեծամասնությունը զբոսաշրջային գործակալություններին դիմելու անհրաժեշտություն չունեն։
Օրինակ, այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնած 470 693 հոգուց ընդամենը 4 249-ն են դիմել զբոսաշրջային գործակալությունների օգնությանը։ Դա ընդհանուր թվի տոկոսից էլ քիչ է՝ 0.9%։
Սակայն ուշագրավն այն է, որ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային գործակալությունների միջոցով մեկնածների թիվը գրեթե կրկնապատկվել է. 2015 թվականի հունվար-հունիսին գործակալությունների միջոցով մեկնողների թիվը 2311 էր (ընդհանուր թվի 0.5%-ը)։
Զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից օգտվողների նման մակարդակ գրանցվել է 2011-2012 թվականներին։
Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ զբոսաշրջային գործակալություններին այս դինամիկան բավականին ձեռնտու է։