Բաժիններ՝

Ներքին զբոսաշրջությունը 20.8%-ով աճել է

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների, 2016թ. հունվար-հունիսին
հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 112 043 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 20.8%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՎԾ-ն պարզաբանում է, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունն իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:

Ըստ նպատակի՝ ներքին զբոսաշրջության հիմնական ուղղությունը հանգիստն ու ժամանցն է՝ 71 452 մարդ կամ ընդհանուր թվի 63.8%-ը։ Գործնական նպատակով ճանապարհորդողները կազմում են ընդհանուրի 23.3%-ը (26 131 մարդ), բուժման նպատակով՝ 4.5%-ը, այլ նպատակներով՝ 8.4%-ը։

Նշենք նաև, որ բերված տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին:

Ցուցանիշը ներառում է միայն ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակով ներկայացված տնտեսավարող սուբյեկտների տվյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս