Անվանափոխվող Երևան
ԱԻՆ-ը տեղեկատվություն էր տարածել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում վթար է տեղի ունեցել: Փաստորեն, մեր մայրաքաղաքում նման անունով փողոց կա: Քաղաքապետարանի կայքից կարելի է տեղեկանալ, որ այդ փողոցը ներառված է քաղաքային նշանակության փողոցների ցանկում: Ցանկ, որը մայրաքաղաքի ավագանին հաստատել է 2012թ. նոյեմբերին:
Փաստորեն, 1992թ.-ից երկրագնդի վրա Տիտոգրադ անունով քաղաք չկա: Փոխարենը՝ այդ քաղաքի անունով փողոց կա Երևանում: Տիտոգրադ 1952թ. վերանվանվել էր նախկին Հարավսլավիայի նախկին Չեռնոգորիայի Հանրապետության մայրաքաղաքը՝ Հարավսլավիայի դիկտատոր Բրոս Տիտոյի պատվին: Տիտոն իր գործունեության առաջին շրջանում մտերմական հարաբերություններ ուներ ԽՍՀՄ-ի հետ: Հավանաբար այդ պատճառով էլ Երևանում հայտնվեց այդ տարօրինակ անունով փողոցը: Հարավսլավիայի մասնատումից հետո այդ պետությունը վերանվանվեց Մոնտենեգրո, որի մայրաքաղաքն արդեն 23 տարուց ավելի վերականգնել է իր անունը՝ Պոդգորիցա:
Բայց այս մասին մեր մայրաքաղաքի չինովնիկներին ոչ ոք տեղյակ չի պահել: Իհարկե, մեր քաղաքապետարանի գրագետ չինովնիկները կարող են հակադարձել, որ աշխարհի քարտեզի վրա 1961թ.-ից Ստալինգրադ քաղաք չկա: Փոխարենը՝ այդ քաղաքի անունը կրող փողոցներ կան եվրոպական շատ քաղաքներում: Ավելին, Փարիզում Ստալինգրադ անունով և՛ փողոց կա, և՛ պուրակ, և՛ մետրոյի կայարան: Իսկ Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում Ստալինգրադի պողոտա կա:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ֆաշիզմից ազատագրված եվրոպացիներն իրենց քաղաքներում ԽՍՀՄ դիկտատորի անունը կրող քաղաքի անունով փողոցներ անվանակոչեցին ամենևին էլ՝ ոչ այդ դիկտատորի պատվին: Պարզապես հենց Ստալինգրադում կոտրվեց ֆաշիստական բանակի ողնաշարը, ու եվրոպացիների կողմից այդ անունը հավերժացնելը երախտիքի տուրք էր Ստալինգրադյան ճակատամարտում զոհված խորհրդային զինվորներին:
Ես ամենևին էլ կոչ չեմ անում վերականգնել 90-ականների Հայաստանի բնակավայրերում սկսված ՙավանդույթը՚, երբ բոլոր քաղաքներում տոտալ վերանվանումներ էին ընթանում: Ի վերջո ինչ-որ պահի իշխանությունները հրաժարվեցին այդ հապշտապ սկսված ակցիայից: Պարզապես ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի երևանյան քաղաքային նշանակության փողոցը շարունակի կրել օտար, Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող, համաշխարհային պատմության մեջ բացասական հետք թողած դիկտատորի ու նրա «պատվին» վերանվանված քաղաքի անունով: Միանգամայն հասկանալի է նաև այն, որ փողոցի վերանվանումն ահագին ծախսեր է պահանջում: Հավանաբար այդ պատճառով են Երևանի քարտեզի նրա մնացել Խաղաղ Դոնի, Ֆրունզեի, Սարմի, Գոռվետկայի ու այլ տարօրինակ անուններով փողոցներ:
Բայց այդ դեպքում հարկ է երևանցիներին բացատրել, թե ինչու է Րաֆֆու փողոցը վերանվանվել Այգեկցու անունով: Մի՞թե մեր քաղաքային չինովնիկները Րաֆֆու վեպերում ապազգային կերպարներ ու գաղափարներ են հայտնաբերել, որի պատճառով փող չեն խնայել անվանափոխության համար: Մեր քաղաքապետարանում հավանաբար գրասերները շատ են, որ գրականության Նոբելյան մրցանակ ստացած վեպի անունով փողոց ունենք: Բայց մի բան հաստատ է՝ քաղաքապետարանում պատմության իմացության հարցը միշտ կաղացել է: Այլապես Միկոյանի կամ Ֆրունզեի անունով փողոց չէինք ունենա: Նրանք հավանաբար տեղյակ չեն, թե որտեղ էր ծառայում Ֆրունզեն 1921-23թթ.: Այլապես կիմանային, որ այդ բոլշևիկ ռազմական գործիչն Աթաթուրքի զինակիցն ու խորհրդատուն էր:
Մեկ-երկու տարի առաջ վերջապես գլխի ընկանք, որ Հայաստանի աշխարհագրական քարտեզի վրա «անմահացրել ենք» մեր երկիրը նվաճած օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի անունը: Գլխի ընկանք ու Սելիմի լեռնանցքը վերանվանեցինք: Բայց մի առանձին անտրամաբանական պատմություն էլ այդ վերանվանում կոչված գործընթացն է: Թբիլիսի այցելած ցանկացած հայ մարդ ջերմությամբ է ընդունում այն փաստը, որ Վրաստանի մայրաքաղաքային իշխանությունները չեն վերանվանել Սայաթ-Նովայի ու Թումանյանի փողոցները: Դրանք, բնականաբար, Թբիլիսիի փոքր կենտրոն կոչված տարածքի փողոցներ են: Չարախնդալով, իհարկե, կարելի է հակադարձել, որ մեր մշակույթի երևելիները թբիլիսաբնակ են եղել, և նրանց անունների պահպանումը միայն դրանով է պայմանավորված:
Բայց այդ դեպքում ստիպված եք լինելու բացատրել, թե ինչու է հենց նույն փողոցների հարևանությամբ գտնվող փողոցներից մեկը կրում քանաքեռցի Աբովյանի անունը: Հավանաբար այն պատճառով, որ Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության ու գրական լեզվի հիմնադիրն է: Բայց այդ դեպքում պիտի բացատրեք, թե ինչու Երևանում անվանափոխեցինք վրացական նոր գրականության և վրաց ժամանակակից գրական լեզվի հիմնադրի անունը կրող փողոցը: Ճիշտ է, երևանցիներն ի հեճուկս քաղաքապետարանի՝ փողոցը դեռ Ծերեթելի են կոչում, բայց մեկ սերունդ հետո այդ անվանումը կմոռացվի: Իսկ վրացիները կշարունակեն մեզ «կռո» ընկալել: Քաղաքապետարանի կայքում չկա երևանյան փողոցների ցանկը:
Փոխարենը՝ «Սփյուռ» էլեկտրոնային տեղեկատուն հրապարակում է մեր մայրաքաղաքի անվանափոխված թաղամասերի, փողոցների ու հրապարակների ցանկը: Այն ընթերցելիս՝ կտեսնեք, որ Կրիվոյը, օրինակ, անվանափոխված է Կորի փողոց:
Դժվար թե քաղաքապետարանում որևէ մեկը ձեզ կարողանա բացատրել, թե ինչո՞ւ՝ Կորի, և ոչ թե՝ Կոր փողոց: Դա, հավանաբար, ոչ թե ժամանակակից գրական հայերենով է, այլ ժամանակակից անգրագետ չինովնիկերենով: Ի վերջո, Երևանում կա նաև Եղբայրության փողոց: Այդ փողոցի տեղը չիմացող, բայց մայրաքաղաքի թաղամասերի բնութագրերն իմացող ցանկացած մեկը կասի, որ այն պիտի Երրորդ մասի փողոց լինի: Ա՛յ այս՝ եղբայրության (կամ, թե կուզեք՝ ախպերության) մակարդակում էլ անվանափոխում ենք Երևանը: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ: