«3 տարի առաջ, երբ ես ղեկավարում էի ՀՀ կառավարությունը, մենք ևս կանգնած էինք ընտրության առջև՝ անդամակցե՞լ արդյոք ԵՏՄ-ին». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոսկովյան կենտրոնակայանում ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 29-ին հանդիպոել է ՌԴ-ում Մոնղոլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դելգերմա Բանզրագչի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության եւ Մոնղոլիայի առեւտրատնտեսական համագործակցությունը: Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ-ն եւ Մոնղոլիան այսուհետեւ էլ հաջողությամբ համակողմանի փոխգործակցություն կզարգացնեն անցյալ տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում: Նա ընդգծել է, ԵԱՏՄ-ն ու Մոնղոլիան շփման շատ կետեր ունեն.

«Դա ոչ միայն, օրինակ, Մոնղոլիայից մեր Միություն ապրանքների արտահանումն է, այլեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ներդրումային նախագծերի հետ կապված հարցերը: Մենք չենք սահմանափակում այն թեմաների շրջանակը, որոնք կարող են հետաքրքրել մեր մոնղոլ գործընկերներին»:

Արձագանքելով Դելգերմա Բանզրագչի այն խոսքերին, թե Մոնղոլիայում դիտարկում են Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու կամ նրա հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը հիշել է իր փորձը. «Երեք տարի առաջ, երբ ես ղեկավարում էի Հայաստանի կառավարությունը, մենք եւս կանգնած էինք ընտրության առջեւ՝ անդամակցե՞լ արդյոք Եվրասիական տնտեսական միությանը: Այն ժամանակ ամեն ինչ մանրակրկիտ վերլուծեցինք, քննարկեցինք առավելություններն ու թերությունները: Եվ ԵԱՏՄ-ին միանալու մեր որոշումը դարձավ շատ պրագմատիկ, տնտեսական բ ոլոր պարամետրերով հաշվարկված»:

Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ ստեղծվել ու աշխատանքի է ձեռնամուխ եղել Հուշագրով նախատեսված համատեղ հետազոտական խումբը՝ նպատակ ունենալով տնտեսական երկխոսության զարգացումը Միության երկրների եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ: Դելգերմա Բանզրագչն առաջարկել է խմբի աշխատանքի շրջանակներում քննարկել մոնղոլական մի շարք ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունը, Մոնղոլիայի նկատմամբ կիրառել Վիետնամի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման փորձը: Այդ կապակցությամբ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել է.

«Շատ երկրներ են դիմում մեզ ազատ առեւտրի մասին պայմանագրեր կնքելու կապակցությամբ: Որովհետեւ իրավամբ Եվրասիական տնտեսական միությունը դիտում են որպես պատկառելի շուկա, որտեղ կարող են վաճառել իրենց ապրանքները: Այդ կապակցությամբ մեզանում միշտ հարց է ծագում՝ եթե մենք առավելագույնս բացում ենք մեր շուկան, ինչ է ստանում մեր բիզնեսը: Մեր աշխատանքային խումբը պետք է գտնի փոխադարձ օգուտը»: Կողմերը պայմանավորվել են հետազոտական աշխատանքային խմբի նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին: Նույն այդ ժամանակ, Դելգերմա Բանզրագչի առաջարկությամբ , նախատեսվում է անցկացնել համատեղ գործարար համաժողով՝ Մոնղոլիայի եւ ԵԱՏՄ-ի երկրների գործարար շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ համաժողովի աշխատանքին կմասնակցի ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը:

Տեսանյութեր

Լրահոս