Apple-ից ռեկորդային՝ 13 մլրդ եվրո են բռնագանձել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների
Եվրահանձնաժողովը Մացյալ Նահանգների Apple ընկերությունից 13 միլիարդ եվրո է բռնագանձել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների: Ռեկորդային գումարը բռնագանձվել է որպես փոխհատուցում այն կորուստների, որոնք Իռլանդիայի տնտեսությունը կրել է ընկերության չհաշվեգրված հարկերի պատճառով, տեղեկացնում է BBC-ն:
Հակամենաշնորհային հետաքննությունը, որի արդյունքներով կայացվել է որոշումը, շարունակվել է երեք տարի:
Հետաքննության ընթացքում եվրոպացի պաշտոնյաները հանգել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ընկերությունն Իռլանդիայում ստացել Է չհիմնավորված հարկային արտոնություններ, ինչը նրան թույլ է տվել զգալիորեն ավելի քիչ հարկեր վճարել, քան մրցակիցները:
Financial Times թերթն ավելի վաղ ենթադրել է, որ Apple-ը եւ Իռլանդիայի իշխանությունները կգանգատարկեն դատարանի վճիռը:
ԵՄ-ի օրենսդրությանը հմապատասխան՝ առանձին երկրների հարկային մարմիններն իրավունք չունեն հարկային զիջողություններ տրամադրելու ընկերություններին, քանի որ դա ապօրինի պետական օգնություն է համարվում:
ԵՄ-ի տվյալներով՝ Իռլանդիայի կառավարության որոշմամբ 1991 եւ 2007 թվականներին Apple ընկերությանը թույլատրվել է այդ երկրում նվազեցնել հարկային մասհանումների չափերը:
Ընկերության կառուցվածքը նրան թույլ է տվել օրինականորեն միջազգային վաճառքներ իրականացնել Իռլանդիայի միջոցով եւ այդ կերպ օգտվել այդ հարկային արտոնություններից: