«Գիշերը չէր քնում ցավերի մեջ և ճանճասպան փայտիկով միջատներին էր հսկում». «Սասնա ծռերի» անդամի փաստաբան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին ծանր վիճակում է, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպաններից Հայարփի Սարգսյանը: Նրա խոսքով՝ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված՝ որոշակի անորոշություն է առկա, նրան տարբեր բժիշկներ են զննել, նշել, որ նա դեռևս չի կարող վիրահատվել, քանի դեռ նրա վերքերը չեն լավացել:

Փաստաբանի խոսքով՝ հուլիսի 26-ին՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում, Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ երկու ժամ անց, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նույն օրը վիրահատություն չի կատարվել, հեռացվել են որոշակի բեկորներ, վիճակը ծանր է: Այդ օրը, ըստ փաստաբանի՝ Հովհաննես Հարությունյանը կալանավորվել է, կալանքի որոշման հիմքում դրվել է այն փաստարկը, թե նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, սակայն նա զրկված էր տեղաշարժման հնարավորությունից և գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Կալանավորվելուց հետո Հովհաննես Հարությունյանը դուրս է գրվել քաղաքացիական հիվանդանոցից և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հայարփի Սարգսյանի խոսքով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Հովհաննես Հարությունյանին զինված ոստիկաններ են հսկել, սակայն նա այդ պահին կալանավորված չի եղել:

«Վերակենդանացման բաժանմունքից բուժքույրը հորդորել է զինված ոստիկանին՝ դուրս գալ, նշել՝ դուք ստերիլ չեք (Հովհաննեսն է պատմում ինձ): Զինված ոստիկանը դուրս չի եկել, Հովհաննեսը փորձել է հորդորել դուրս գալ, փոխարենը՝ զինված ոստիկանը Հովհաննեսին ասել է՝ հես ա կթքեմ վրեդ»,- ասաց Հայարփի Սարգսյանը, ով նշեց, որ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ իրեն սպանելով են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», «շպրտել» մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են եղել:

Կարդացեք նաև

Ըստ փաստաբանի խոսքերի՝ այդ խուցը քարանձավի է նման եղել, որը բորբոսնած պատեր է ունեցել, այնտեղ օդ չի եղել շնչելու, Հովհաննես Հարությունյանը պառկած է եղել կորացած անկողնու վրա, այն դեպքում, երբ նրան հարթ մահճակալ էր անհրաժեշտ, նրա վերքի վրա խավարասերներ էին վազվզում, Հովհաննես Հարությունյանն ինքնուրույն չէր կարողանում նստել: «Ձեռքը չէր հասնում վերքին, և այդպես տեսնում էր, թե ինչպես են միջատներն իր վերքի վրայով վազվզում: Այդ պատճառով հարազատներին խնդրել էի ճանճասպան փայտիկ բերեին, ձեռքը չէր հասնում: Գիշերն ինքը չէր քնում՝ ցավերի մեջ, և այդ ճանճասպան փայտիկով միջատներին էր հսկում: Հիվանդասենյակի անկյուններում աղբ էր կուտակված, սառնարանը բացում էինք՝ որդեր էին»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ Հովհաննես Հարությունյանին շատ վատ պայմաններում են պահել մինչև հուլիսի 30-ը, ապա հիվանդասենյակը փոխվել է, սակայն պայմաններն էականորեն չեն տարբերվում, միջատների առկայությունը չի վերացել, սանիտարահիգիենիկ պայմանները նույնն են, Հովհաննես Հարությունյանն իր բնական կարիքները հոգում է սենյակում՝ քայլել չկարողանալու պատճառով, և արգասիքները ժամեր շարունակ մնում են սենյակում՝ հիվանդի կողքին: Թե օդափոխության համակարգը, թե սառնարանը բերվել են Հովհաննես Հարությունյանի հարազատների կողմից:

Փաստաբանը նշեց նաև, որ Հովհաննես Հարությունյանը զրկված է մշտական բուժհսկողությունից, նա լուրջ բուժօգնության կարիք ունի: Նրա խոսքով՝ վիրակապը փոխվում է չորս օրը մեկ անգամ: «Միգուցե այս նախադրյալներից հետո նրա ոտքը հեռացվի»,- մտավախություն հայտնեց փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս