Բեյոնսեի «Formation» երգի տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել MTV Video Music Awards-ում
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «Formation» կոմպոզիցիայի երաժշտական տեսագրությունը ճանաչվել է «Տարվա լավագույն տեսահոլովակը» MTV Video Music Awards հեղինակավոր մրցանակների հանձնման արարողությունում: Երաժշտական տեսահոլովակների ստեղծման բնագավառում նվաճումների համար դափնեկիրների հայտարարման եւ պարգեւատրման 33-րդ արարողությունը կայացել է օգոստոսի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն» հռչակավոր մարզահամալիրում:
Բեյոնսեի վեցերորդ ստուդիական ալբոմից «Formation» անվան ներքո երգի տեսագրությունն ընդամենն անվանակարգվել էր վեց պարգեւների: Ամենագլխավոր անվանակարգում տեսահոլովակն առաջ է անցել փոփ աստղ Ջասթին Բիբերի («Sorry»), ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի («Famous»), կանադացի Դրեյքի («Hotline Bling») եւ բրիտանացի երգչուի Ադելի («Hello») գործերից:
Բեյոնսեն նաեւ առաջատար է դարձել ստացած պարգեւների թվով՝ նվաճելով ութ արձանիկ, այդ թվում՝ «Կանանց լավագույն տեսագրություն» կատեգորիայում՝ «Hold Up» երգի տեսահոլովակի համար: Վերջին գործը, մինչդեռ, այդ անվանակարգում առանց մրցանակի է թողել Ադելի «Hello» տեսահոլովակը, որը հավակնում էր յոթ արձանիկների՝ ավելին, քան այս տարի ցանկացած այլ տեսահոլովակ: Իսկ արդյունքում բրիտանուհին մնացել է առանց պարգեւի:
«Տղամարդու լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսի տեսահոլովակը նրա «This Is What You Came For» կոմպոզիցիայի հիման վրա: «Լավագույն նոր կատարող» կատեգորիայում հաղթանակը բաժին է հասել ամերիկյան DNCE փոփ-ռոք խմբին, իսկ «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» անվանակարգում Դրեյքին հավասարը չի եղել («Hotline Bling»): Երաժշտական կարիերայի բնագավառում նվաճումների համար Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակը շնորհվել է ռիթմ-ն-բլյուզ ոճում բարբադոնցի կատարող Ռիհաննային:
Այս տարի պարգեւների համար պայքարը ծավալվել էր 17 անվանակարգերում: Ընդամենը գրեթե երեք ժամ տեւած արարողության ընթացքում բեմ են դուրս եկել շուրջ մեկ տասնյակ տարբեր կատարողներ, այդ թվում՝ Բեյոնսեն, Ռիհաննան եւ Արիանա Գրանդեն: Սակայն ամենասպասվածը ամերիկուհի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հայտնվելն էր, որը վերջին անգամ MTV VMA-ում ելույթ է ունեցել ինը տարի առաջ: Այս անգամ 34-ամյա երգչուհին բեմ էր դուրս եկել ռեփեր G Eazy-ի հետ, որի հետ միասին կատարեց Make Me սինգլը իր նոր ալբոմից:
MTV Video Music Awards մրցանակը MTV երաժշտական հեռուստաալիքի կողմից սահմանվել է 1984 թվականին՝ հետագայում դառնալով ամենահեղինակավոր պարգեւներից մեկը երաժշտական տեսագրությունների ստեղծման ոլորտում: Դրա դափնեկիրներին ավանդաբար արձանիկներ են հանձնում աստղանավորդի տեսքով՝ սկաֆանդրով ու դրոշով, որի վրա պատկերված Է հեռուստաալիքի լոգոտիպը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: