Private Banking. լավագույն բանկերը՝ ռուս միլիոնատերերի համար
Private Banking. այս արտահայտությունը աստիճանաբար սկսել է ներխուժել նաև մեր իրականություն։ Ի՞նչ է այն նշանակում։ Ընդհանուր սահմանման համաձայն՝ Private Banking-ը ֆինանսական ծառայությունների համալիր է, որը բանկերը մատուցում են VIP հաճախորդներին։ Դա ենթադրում է որոշակի գործառնություններ՝ ունևոր հաճախորդների գումարներով, որոնց նպատակն է պահպանել և ավելացնել հաճախորդի կարողությունը։ Private Banking-ը բանկային ծառայության առանձին տեսակ է, որն արտերկրում անվանում են նաև Wealth Management` հարստության կառավարում։
Private Banking-ից օգտվելու համար, սովորաբար, սահմանվում է որոշակի շեմ։ Այսինքն՝ հաճախորդը պետք է ներդնի որոշակի մեծությամբ ավանդ, որպեսզի կարողանա օգտվել ծառայությունից։ Այդ նվազագույն շեմը կարող է տատանվել մի քանի տասնյակ հազար դոլարից մինչև մի քանի միլիոն դոլար։
Forbes-ը այս տարի առաջին անգամ կազմել է ռուսաստանյան լավագույն բանկերի վարկանիշը, որոնք զբաղվում են Private Banking-ով։
Ուշագրավն այն է, որ առաջին երեք հորիզոնականներում հայտնված բանկերը ուղիղ կամ անուղղակի կերպով գտնվում են պետության վերահսկողության տակ։
Ցանկը գլխավորում է Сбербанк Private Banking-ը։ ՌԴ խոշորագույն պետական բանկն այս ստորաբաժանումը ստեղծել է «Тройка Диалог» և Volksbank International AG ընկերությունները ձեռք բերելուց հետո։ Մուտքային շեմը այստեղ 100 մլն ռուբլի է։
Երկրորդ տեղում Газпромбанк Private Banking-ն է, որտեղ նվազագույն շեմը 15 մլն ռուբլի է։ 2015 թվականի արդյունքներով՝ այս ստորաբաժանումն ուներ 5200 հաճախորդ, որոնք ընդհանուր առմամբ բանկին վստահել են 300 մլրդ ռուբլի։
Եռյակը եզրափակում է Մոսկվայի Private Banking ВТБ Банк-ը (2017-ի աշնանը անվանումը կդառնա պարզապես Private Banking ВТБ): Մուտքի նվազագույն շեմը 30 մլն ռուբլի է, ունևոր հաճախորդներից ներգրավված միջոցները՝ 280 մլրդ ռուբլի։
Private Banking-ով զբաղվող ռուսաստանյան բանկերի վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև А-Клуб Private Banking (Ալֆա բանկի կառույց), Friedrich Wilhelm Raiffeisen, Citigold Private Client (Սիթիբանկ), UniCredit Private Banking Россия (ՅունիԿրեդիտ բանկ), Открытие Private Banking, ВТБ24 Private Banking (ВТБ24) և Промсвязьбанк Private Banking բանկերը։
Ցանկում ներառված 10 բանկերը միասին ունեն մոտ 40 հազար ունևոր հաճախորդներ, որոնցից յուրաքանչյուրի հաշվի վրա կա 1-5 մլն դոլար։ Այս մարդիկ բանկերին վստահել են ընդհանուր առմամբ 2.5 տրլ ռուբլի։
Նշենք, որ հայաստանյան բանկերից շատերն ունեն VIP հաճախորդներին սպասարկելու պրակտիկա, սակայն private banking` որպես այդպիսին, առանձին ծառայության տեսակ, առաջարկում է UniBank-ը։ «Unibank Privé»-ի հաճախորդ դառնալու նվազագույն շեմը 20 մլն դրամն է (50 հազար դոլար)։