«Ախր, մեզ մոտ սեյսմիկ վտանգավոր գոտի է, իսկ Մեծամորի ԱԷԿ-ն ամենահինն է». Սամադ Սեիդով

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Աշխարհը` առանց միջուկային զենքի» համաժողովի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները բաց չթողեցին միջազգային ամբիոնից Հայաստանի դեմ հայտարարություններ հնչեցնելու հնարավորությունը: Նախ` համաժողովի լիագումար նիստում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայի Գուլիևը, առանց Հայաստանի անունը նշելու, խոսեց Ճապոնիայի Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում վթարի, սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող և հին ռեակտորներով աշխատող երկրների մասին, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար:

Նրան պատասխանեց Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Համաժողովի շրջանակում «ՄԱԿ-ը և ապառազմականացումը. ինչ հեռանկարներ կան» պանելային քննարկման ժամանակ նա իր ելույթում ներկայացրեց միջուկային զենքի վերացման և միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառման մասին Հայաստանի դիրքորոշումը, կարևորեց միջուկային վտանգից զերծ տարածքների ստեղծումը, նշեց, որ ՀՀ-ն ստորագրել է միջազգային պայմանագրերն ու հռչակագրերը, ընդունել է համապատասխան օրենքներն ու որոշումները` միջուկային նյութերի չտարածման դեմ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը` ՀԱԷԿ-ի անվտանգության պահպանման համար:

«Հայաստանը սետորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ ատոմային էներգիային վերաբերող բոլոր հարցերով, կատարում է իր միջազգային պարտավորությունները և ոչ մի անգամ չի խախտել դրանք: ՀՀ կառավարությունը որոշեց երկարացնել Մեծամորի ԱԷԿ-ի կյանքը միայն ՄԱԳԱՏԷ-ի ու միջազգային գործընկերների հետ մանրակրկիտ քննարկումներից ու երկարատև աշխատանքից հետո»,- ասաց Ա.Զաքարյանը:

Թեև քննարկման ժամանակը վաղուց սպառվել էր, և Ադրբեջանի Մեջլիսի անդամ Սամադ Սեիդովը գրանցված չէր ելույթի համար, սակայն նա ձայն խնդրեց և պաթետիկ ու հուզական ելույթ ունեցավ: Նա դիմեց հայ գործընկերներին. «Ախր, մեզ մոտ սեյսմիկ վտանգավոր գոտի է, իսկ Մեծամորի ԱԷԿ-ն ամենահինն է և, հավատացեք, հարգելի՛ բարեկամներ, Չեռնոբիլը, Սեմիպալատինսկը և Ֆուկուսիման դրանք նույնպիսի աղետներ են, ինչպես Նագասակին: Դրա համար միջազգային հանրությունը պետք է հնարավորինս միջոցներ ձեռնարկի վերացնելու ոչ միայն՝ միջուկային զենքը, այլև՝ հին տեխնոլոգիաները, որոնք այսօր նույնքան վտանգավոր են, որքան միջուկային ռումբը, վտանգավոր է նաև միջուկային թափոնների տարածումը: Մեր տարածաշրջանում վերջին մի քանի տարում տեղի է ունեցել միջուկային նյութերի գողության 11 դեպք: Վերջինն ապրիլին էր, երբ Վրաստանում հատուկ ծառայությունները ձերբակալեցին Մեծամորի ԱԷԿ-ից մարդկանց, որոնք տեղափոխում էին ուրանիում 238»:

Սեիդովը հայտարարեց, թե գիտեն՝ ինչպես լուծել խնդիրը, որը ներկայացրել է Ղազախստանի նախագահը, և ոտանավոր ձոնեց նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու ղազախ ժողովրդի պատվին, նրանց հերոս անվանեց, ինչն առաջացրեցին ներկաների բուռն ծափահարությունները:

Նիստը նախագահող Ղազախստանի ԱԳ նախարար Էռլան Իդրիսովը մերժեց Արտակ Զաքարյանի պահանջը` կրկին ձայն տալ իրեն, սակայն կրկնեց Զաքարյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի ներկայացուցիչը ստում է ՀԱԷԿ-ի վտանգավորության մասին:

Աստանա-Երևան

Տեսանյութեր

Լրահոս