«Հուսով եմ` աշխարհի կամքը թույլ չի տա քայլ անել դեպի միջուկային խորխորատ». Նազարբաև

Այսօր` Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունենում «Առանց միջուկային զենքի աշխարհի կառուցում» խորհրդաժողովը, որին մասնակցում են աշխարհի 50 երկրների մոտ 200 բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի, ՄԱԳԱՏԷ-ի, միջազգային այլ կառույցների պատվիրակներ: 168.am-ի թղթակիցը Աստանայից հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ելույթում հայտարարեց, որ քառորդ դար առաջ Ղազախստանը փակեց խոշորագույն Սեմիպալատինյան միջուկային փորձադաշտը, որը տանջում էր ղազախ ժողովրդին, ընդ որում` փակելու ոորշումն ընդունվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում ու ստիպված էին հակազդել սովետական ռազմական համակարգին:

«Այս Գորդյան հանգույցը քանդվեց` փորձադաշտի փակման մասին որոշման կայացումից հետո: Դրանից հետո աշխարհի մյուս փորձադաշտերը լռել են, բայց ոչ մեկը չի փակվել: Սա մոլորակի կարևորագույն իրադարձությունն էր: Միջուկային զենքը մարդկության ամենասխալ հայտնագործությունն է: Միջուկային զենքի կիրառմամբ պատերազմում հաղթելն անմտություն է: Նման պատերազմում բոլորը կպարտվեն, բայց, ցավոք, միջուկային հիվանդությունը վեներականի նման փոխանցվում է: Սեմիպալատինյան փորձադաշտի փակումը լավ օրինակ է աշխարհի համար»,- ասաց Ն.Նազարբաևը:

Ըստ նրա` քաղաքական մեծ կամք էր հարկավոր միջուկային գերտերության կարգավիճակից հրաժարվելու համար: Ն.Նազարբաևը նշեց, որ փորձադաշտում 456 միջուկային փորձակում էր արվել, ոչ միայն փորձադաշտը, այլև հարակից շրջանները ենթարկվել են ճառագայթման, 500 հազար մարդ առողջական խնդիրներ է ունեցել, սերունդները նույնպես կզգան դրա ազդեցությունը: Ղազախստանն ու Ճապոնիան, Նազարբաևի խոսքով, ավելի սուր են զգում միջուկային սպառնալիքը, քան մյուս երկրները, քանի որ անմիջապես ենթարկվել են դրա ազդեցությանը:

«Միջուկային գերպետություններն իրենք պետք է հասկանան և հրաժարվեն միջուկային զենքից, դրա կատերալագործումն արդյունավետ չէ: Ես վստահ եմ, որ 21-րդ դարում մենք կարող ենք ապահովել մեր երեխաների, թոռների անվտանգ ապագան: Ես հուսով եմ, որ աշխարհի կամքը թույլ չի տա քայլ անել դեպի միջուկային խորխորատ»,- ասաց Ղազախստանի նախագահը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայի Գուլիևը կարևորեց, որ ծայրահեղ խմբավորումների համար պետք է հասանելի չլինի միջուկային սպառազինությունը: Ըստ նրա` Ճապոնիայում Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում կատարվածը ցույց տվեց, որ միջուկային օբյեկտի վթարը սահմաններ չի ճանաչում և պետք է ապահովել անվտանգություն:

«Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող երկրները և հին ռեակտորներով աշխատող երկրները պետք է մտածեն ոչ միայն իրենց, այլև տարածաշրջանային անվտանգության մասին»,- ասաց Գուլիևը:

Ֆորումի արդյունքներով կընդունվի հռչակագիր:

Հայաստանից համաժողովին մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նշենք, որ Հայաստանը Միջուկային զենքի չտարածման դեմ պայմանագրի անդամ է: 1996 թվականին Հայաստանն ստորագրել, իսկ 2006 թ. վավերացրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը: Հայաստանը նաև «Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր» բանաձևի 26 համահեղինակներից է:

Աստանա-Երևան

Տեսանյութեր

Լրահոս