Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել
Իտալիայում օգոստոսի 27-ին համազգային սուգ է հայտարարվել լույս օգոստոսի 24-ի գիշերը երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը:
«Վաղը՝ օգոստոսի 27-ին, կկայանա զոհվածների հուշարկավորությունը Ասկոլի-Պիչենոյում, որին կմասնակցեն երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Այդ կապակցությամբ Նախարարների խորհուրդը ազգային սուգի օր Է հայտարարում»,- ասված է Կիջի պալատի պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են երկրաշարժից: Իտալիայի կառավարությունը 50 մլն եվրո է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ռենցին խոստացել է, որ շուտով կհատկացվեն լրացուցիչ միջոցներ:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 268 մարդ, 387 տուժածներ գտնվում են հիվանդանոցներում:
Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: