
Քլինթոնը Պուտինին անվանել է արմատական ազգայնականության կնքահայր

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է արմատական ազգայնականության կնքահայր, հայտնում է 112.international-ը:
Նևադա նահանգում նախընտրական միտինգի ժամանակ Քլինթոնը քննադատել է իր մրցակից Դոնալդ Թրամփին` նրան մեղադրելով ռասիզմի և շովինիզմի մեջ:
Նրա ելույթի գլխավոր թեման դարձել են ռասիզմն ու ուլտրաաջ ուժերի` իշխանության գլուխ գալու մտավախությունը:
Նա հիշեցրել է, որ նախօրեին Թրամփի միտինգի ժամանակ ելույթ է ունեցել բրիտանական ուլտրաաջ UKIP կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, որը Brexit-ի արշավի ամենամոլի ջատագովներից էր:
«Եվ նա այդ մարդն է, ում Դոնալդ Թրամփը ցանկանում է տեսնել իր կողքը, երբ դիմում է ամերիկացի ընտրողներին, իսկ այդ արմատական ազգայնականության համաշխարհային բրենդի կնքահայրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է»,- հայտարարել է Քլինթոնը:
Նրա խոսքով` Թրամփը «հիանում է Պուտինով և աջակցում ռուսամետ քաղաքականությանը» և իրեն Ռուսաստանի նկատմամբ պահում է այնպես, ինչպես ԱՄՆ-ի ոչ մի նախագահ` Թրումենից մինչև Ռեյգան:
Ի պատասխան մեղադրանքների` CNN-ի եթերում Թրամփը Քլինթոնին անվանել է «տոտալ շովինիստ»: