«Հետո Երանոսյան Լյովան հանձնարարեց, որ սկսեն կրակել, ուղղություններն էլ էր ցույց տալիս՝ Զարուհու կողմը, բան…». Դ. Սանասարյանը մանրամասներ է ներկայացնում Սարի թաղի դեպքերից

«Մենք հասանք Սարի թաղ, ինչը անակնկալ էր իշխանությունների համար. իրենք ասում են՝ 100%-ով վերահսկում են ինֆորմացիան, գիտեն մեր բոլոր քայլերը, բայց այդ օրը անակնկալի եկան, իրենց ուժերը կենտրոնացրել էին Խորենացի փողոցում: Մենք ճանապարհից շեղվեցինք դեպի Սարի թաղ, և երբ իշխանություններն ասում են, թե դա արգելված տարածք էր, դա այդպես չէ. արգելված տարածքն ուղղակիորեն փակ է լինում, ու քաղաքացիներն ազատ ելումուտ չեն ունենում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց գրավի դիմաց ազատ արձակված՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ տեղեկություններ էին ստացել, թե ՊՊԾ գնդի տարածքում լուրջ կրակահերթեր էին, վիրավորներ կային, ու ուղղակիորեն արել են այդ քայլը, որպեսզի կարողանան հանդարտեցնել իրավիճակը. «Երբ բարձրացանք այնտեղ, ոստիկանական պատը շատ թույլ էր, պատի նման չէր, և ոչ թե մենք պատը ճեղքեցինք-անցանք, այլ իրենք հրաման տվեցին՝ թողնել, հետ գնալ: Այսինքն՝ իրենք հասկացան, որ ի վիճակի չեն լինելու մեր դիմաց կանգնել: Հասանք այնտեղ ու իմ գործընկերների հետ միասին (Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Լևոն Բարսեղյան, Անդրիաս Ղուկասյան) ելույթներ ունեցանք, ոստիկանների հետ բանակցություններ եղան, թե՝ հանկարծ ուժ չկիրառեք, մենք ներքև չենք իջնելու: Ես ու Հովսեփը խոսել ենք նաև քաղաքացիների հետ՝ ասելով, թե ինչու չի կարելի գոնե այս պահին ներքև իջնել: Մենք գիտեինք, որ իշխանությունները հասկանում էին դրա վտանգավորությունն իրենց համար ու կրակելու էին խաղաղ ցուցարարների վրա»:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ երբ Արմեն Մարտիրոսյանն ու Լևոն Բարսեղյանն այնտեղ բանակցում էին ոստիկանների հրամանատարության հետ, ներքևից քաղաքացիական հագուստներով անձինք քարերով խփում էին քաղաքացիներին. «Երբ ինձ ասացին այդ մասին, գնացի, ու քարն ուղիղ ինձ վրա էր գալիս: Ուղղակիորեն մոտեցա այն ժամանակվա Երևանի ոստիկանապետին ու ասացի՝ պարոն Կարապետյան, քարերը մեզ վրա են գալիս, ասաց՝ ես հիմա կկարգավորեմ: Այսինքն՝ իրենք գիտեին, որ քարերը գալիս են, ու կարգավորում էին՝ խփե՞լ, թե՞ ոչ: Անմիջապես ոստիկանների հետևից քարեր էին նետում: Այդ ընթացքում Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկեցին: Մի տարեց մարդ էլ, որ ասել էր, թե ինչու են Արմենին տանում, ևս բերման էր ենթարկվել. հետո իմացա, որ այդ տարեց մարդուն մահակներով ծեծել են: Հետո Երանոսյան Լյովան հանձնարարեց, որ սկսեն կրակել, ուղղություններն էլ էր ցույց տալիս՝ Զարուհու կողմը, բան… Եվ տեղի ունեցավ այն, ինչ տեսել եք»:

Նա նշեց, որ հետո վերևի կողմից քաղաքացիական հագուստով անձինք հայհոյելով հարձակվել են ցուցարարների վրա. «Ես նման անմարդկային բան ուղղակի չէի տեսել: Այն պահին, երբ քաղաքացիները հեռանում էին, շարունակում էին նրանց կրակել, այսինքն՝ ուզում էին մինչև վերջ վնասել: Մի աղջիկ իմ դիմաց այրվում էր, մի կերպ փորձեցի ճղել իր հագուստը, որովհետև ամբողջությամբ այրվում էր: Կարողացա նաև հորս, մորս այդտեղից դուրս բերել: Ասում են՝ զանգվածային անկարգություններ, բայց մեր ծնողներն այնտեղ՝ մենք գնացել էինք զանգվածային անկարգություննե՞ր հրահրելու»:

Կարդացեք նաև

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ հավելեց. «Դա ոստիկանության կազմակերպած զանգվածային անկարգությունն էր ժողովրդի դեմ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս