Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցները խափանում էին Սիրիա ներխուժելու Էրդողանի պլանները. The Washington Post

Թուրքական իշխանություններն ավելի քան 1 տարի պլանավորում էին զորքեր ուղարկել Սիրիա, սակայն դրա դեմ հանդես  էին գալիս բանակի սպաները, որոնք այս տարվա հունիսին մասնակցել են երկրում ռազմական հեղաշրջման փորձին, գրում է The Washington Post-ը` հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:

Նրա խոսքով` Ջարաբլուսի վրա հարձակումը պլանավորվել է դեռևս 2015թ. հունիսին: Սակայն թուրքական բանակի մի շարք հրամանատարներ ամեն կերպ ձգտել են կասեցնել այդ պլանը` ներկայացնելով նորանոր պատրվակներ, օրինակ` հայտարարելով, որ բանակը բավականաչափ հնարավորություններ չունի առաջ շարժվելու համար: Նրանց կոչերն ուժեղացել են անցած տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո, երբ Թուրքիան ստիպված էր կասեցնել թռիչքները Սիրիայի վրայով:

Սիրիայում ռազմական գործողության առավել ակտիվ հակառակորդներն արդյունքում մասնակցել էին հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին, պնդել է պարբերականի աղբյուրը:

Պաշտոնյան նաև հաստատել է, որ հարձակումն անհնար կլիներ առանց Ռուսաստանի հետ հաշտվելու, ինչի շնորհիվ թուրքական ինքնաթիռները կարողացան թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքով:

Պարբերականի տեղեկություններով` այդ վարկածը բավական արժանահավատ է և բացատրում է, թե ինչու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այդքան դժկամորեն էր կատարում Վաշինգտոնի պահանջները` ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս