Կուբան և ԱՄՆ-ն կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնեն օգոստոսի 31-ին
ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ վերջին կես դարում առաջին ուղիղ կանոնավոր չվերթը օգոստոսի 31-ին կիրականացվի JetBlue ամերիկյան ընկերության կողմից, ինքնաթիռը Ֆորտ-Լոդերդեյլից (Ֆլորիդայի նահանգ) կժամանի Սանտա Կլարա: Այս մասին հայտնել է Կուբայի տրանսպորտի փոխնախարար Էդուարդո Ռո դրիգեսը:
«Կանոնավոր թռիչքների վերսկսումը դրական քայլ է եւ ավանդ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման գործում»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերել է Globovision ալիքը:
Այդ թռիչքն ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ առաջին կանոնավոր չվերթը կդառնա 1963 թվականից ի վեր: Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ չվերթների օրական ընդհանուր թիվը կարող է հասնել 110-ի:
ԱՄՆ-ը եւ Կուբան 2014 թվականի վերջին հայտարարել են հարաբերությունների աստիճանական նորմալացման ուղղությամբ աշխատանք սկսելու մասին: Անցած ժամանակաշրջանում երկու երկրները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, Հավանա է այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ը նաեւ թուլացրել է Կուբայի դեմ սահմանված առանձին պատժամիջոցներ, թեեւ արդեն ավելի քան կես դար գործող առեւտրական էմբարգոն դեռեւս ուժի մեջ է մնում, հաղորդել է ՌԻԱ նովոստին: