Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օգնություն է առաջարկել Իտալիային

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օգնություն է առաջարկել Իտալիային ուժգին երկրաշարժի հետեւանքով լրջորեն վնասված բուժհիմնարկների վերականգնման գործում:

«Մենք խիստ անհանգստացած ենք, որ բժշկական հաստատությունները լուրջ վնասվածքներ են ստացել: Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է, որ հիվանդանոցները շարունակեն աշխատել բնականոն ռեժիմով: ԱՀԿ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել», հայտարարել է Եվրոպայում ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակաբը:

Կազմակերպության ղեկավարությունը օգնություն է առաջարկել Իտալիայի առողջապահության նախարարությանը, սակայն երկրի իշխանություններն առայժմ միջազգային աջակցություն չեն խնդրել:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 250 մարդ, 260-ից ավելի տուժածներ գտնվում են հիվանդանոցներում: Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում, հաղորդել Է, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս