Instigate ընկերության պատրաստած կայքը ծրագրավորում կսովորեցնի սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց
Հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ինստիգեյթը», հատուկ կայք է պատրաստել, որի միջոցով սահմանափակ շարժունակություն ունեցող (տանը գտնվող ) մարդիկ կկարողանան ծրագրավորում սովորել:
Սակայն հաշվի առնելով այսօրվա պահանջարկը՝ ggg.i-gorc.am կայքը հետաքրքիր կլինի հասարակության ավելի լայն շերտերին:
Ինչպես նշվում է նորաստեղծ կայքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի և Ինստիգեյթ Մոբայլ ընկերության հետ համատեղ իրականացվել է «Տեխնոլոգիական կրթությունը եւ աշխատանքը որպես հասարակության մեջ ինտեգրվելու միջոց հաշմանդամություն ունեցողների համար» ծրագիրը, որի ընթացքում իրականացվել են համակարգչային ծրագավորման դասընթացներ ֆիզիկական սահմանափակումներով անձանց համար։
Դասընթացների արդյունքում, նաև ուսանողների մասնակցությամբ, ստեղծվել է այս առցանց հարթակը։ Հարթակի նպատակն է տեղաշարժման և այլ խնդիրներ ունեցողների համար ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք կկարողանան ձեռք բերել տեղեկատվություն և գիտելիքներ, թե ինչպես սովորել և աշխատել համացանցի միջոցով:
Կայքը հեռավար (ինքնուրույն) ուսուցման միջավայր է։ Այն պարունակում է ուսումնական նյութեր, տեսահոլովակներ և առցանց դասընթացներ՝ համակարգչային գիտության, հեռահաղորդակցության և էլեկտրոնային բիզնեսի վերաբերյալ:
Կայքը պարունակելու է նաև համացանցում առկա տարբեր ուսումնական հարթակների և առցանց աշխատանքի վերաբերյալ ուղեցույցներ: