
«Բաքուն պատճենում է այն մեղադրանքներն ու գործողությունները, որոնք օգտագործում է Անկարան». «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանում առաջատար ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի ֆինանսական տնօրեն Ֆայիք Ամիրովի կալանավորումը, տեղեկացնում է contact.az-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ամիրովի դեմ մեղադրանքը, թե նա կրոնական ատելություն է բորբոքում և Ֆեթուլլահ Գյուլենի շարժման «իմամ» է, «ծիծաղելի են և աբսուրդ»:
Նշվում է, որ Գյուլենի մասին գրքերը պահելը չի դիմանում ոչ մի քննադատության, քանի որ դրանք արգելված չեն Ադրբեջանում:
«Ադրբեջանի իշխանությունները որոշել են ընդօրինակել Էրդողանի պրակտիկան, որը պայքար է մղում իր բոլոր քննադատների դեմ` քողարկվելով գյուլենականների դեմ պայքարով:
Միջազգային հանրությունը պետք է սկսի ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի կասեցվեն այդ բռնություններն ու նրան ստիպի հարգել սեփական պարտավորությունները՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ Ադրբեջանում բռնաճնշումների նոր ալիքը սկսվել է հուլիսի 15-ից հետո:
Բաքվի իշխանությունները որոշել են օգտագործել Թուրքիայում հեղաշրջման փորձը, որպեսզի ճնշեն անցանկալի անձանց՝ վերջիններիս մեղադրելով Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:
Նշվում է, որ Բաքուն պատճենում է այն մեղադրանքներն ու գործողությունները, որոնք օգտագործում է Անկարան: