Ո՞ր ոլորտներում է ավելացել ներկրողների թիվը
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն այժմ ուսումնասիրվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների կողմից՝ տնտեսական ակտիվության անկման պատճառները պարզելու նպատակով: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա չհամաձայնեց, թե այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ արձանագրված 4.3% անկումն աննախադեպ է վերջին 10 տարում:
«Դուք լավ չեք նայել, նորից կնայեք, և կխոսենք: Ասացի արդեն՝ առաջիկայում մանրամասն վերլուծությունների հիման վրա մենք կներկայացնենք պատճառները: «Աննախադեպ» արտահայտությունը ոչ միայն տեղին չէ, իրական չէ, այլ նաև որևէ լավատեսություն չկա ձեր հարցադրման մեջ: Ես կարծում եմ՝ հարցադրումը պետք է լինի՝ ինչ անել, որ անկումը փոխարինվի ավելի բարձր աճի տեմպով»,- ասաց Ա. Մինասյանը:
Անդրադառնալով մենաշնորհների դեմ կառավարության հայտարարած պայքարին՝ նախարարը վստահեցրեց, թե գործընթացը նորմալ փուլում է, էականորեն նվազել են դժգոհությունները ներմուծումներից, և հիմնական ապրանքների իրացման մասով ներկայումս մշակվում է հայեցակարգ մեծածախ ու մանրածախ առևտուրն իրարից տարանջատելու համար:
«Ունենալու ենք ավելի ազատ տնտեսական միջավայր»,- հավաստիացրեց Ա. Մինասյանը:
Ի պատասխան 168.am-ի հարցի՝ ո՞ր ոլորտներում է ավելացել ներկրողների թիվը, նախարարը, սակայն, դժվարացավ նշել որևէ ոլորտ. «Չունեմ այդ ցուցանիշը ձեռքի տակ, բայց խնդիրը ոչ այնքան ներկրողների քանակի մեջ պետք է լինի, որքան որակական ցուցանիշների: Օրինակ՝ եթե նույն ներկրողը մեխանիկորեն իր ներկրումները բաժանի մի քանի ներկրողների, դա չի նշանակի, որ դուք ունեք ավելի ազատական դաշտ»:
Մանրամասները՝ տեսանյութում: