
Մանվել Մամոյանը գետնին բռունցքների վրա հրում-ծալում վարժությունում Գինեսի նոր ռեկորդ սահմանեց

Մանվել Մամոյանը Ազատության հրապարակում փորձեց սահմանել Գինեսի մեկ ռեկորդ: Արդեն մեկ Գենեսի ռեկորդ պահուստում ունեցող մարզիկն իր ցուցադրած արդյունքը նվիրեց քառօրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին:
Մանվել Մամոյանը փորձեց գերազանցել Կանադան ներկայացնող Ռոյ Բերգերի ցուցանիշը, ով գետնին բռունցքների վրա հրում-ծալում վարժությունը մեկ րոպեում կատարել էր 84 անգամ:
Առաջին փորձի ժամանակ Մանվելը չկարողացավ գերազանցել կանադացու ռեկորդը և կատարեց 83 հրում-ծալում: Գինեսի ռեկորդի սահմանման կանոնների համաձայն մարզիկը իրավունք ունի կատարել 3 մոտեցում: Մանվել Մամոյանը փոքր հանգստից հետո կատարեց 2-րդ փորձը և սահմանեց ռեկորդ: Նրան հաջողվեց վարժությունը կատարել 86 անգամ:
«Այս հաջողությունով ես ցանկանում եմ աշխարհի ուշադրությունը գրավել հայ ազգի վրա և հաջողությունս նվիրում եմ հայ զինվորներին»,-նշեց Մանվել Մամոյանը:
Մանվել Մամոյանի ցուցանիշը գրանցվելու է «Դյուցազնագրքում»: Իսկ Գենեսի ռեկորդների գրքում կգրանցվի միայն հանձնաժողովի վերջնական հաստատումից հետո, որը կդիտի Մանվել Մամոյանի ելույթը: Այս գործընթացը կարող է տևել շուրջ 4 ամիս, սակայն փասը մնում է փաստ. արդյունքն արդեն արձանագրվել է: