Օլիմպիադայի ընթացքում 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելել Ռիո դե Ժանեյրո
Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը:
«Օլիմպիական խաղերի ժամանակ Ռիո դե Ժանեյրոն ընդունել է 1,17 մլն զբոսաշրջիկների»,- ասել է պաշտոնյան: Պասեի խոսքով՝ 410 հազար մարդ ժամանել Էր արտասահմանից, մնացածները՝ Բրազիլիայի մյուս տարածաշրջաններից:
Ինչ վերաբերում է օտարերկրյա զբոսաշրջիկներին, նրանց թվում գերակշռել են ԱՄՆ-ի (17 տոկոս), Արգենտինայի (12 տոկոս) եւ Գերմանիայի (7 տոկոս) քաղաքացիները: Միջին հաշով նրանք Ռիո դե Ժանեյրոյում ծախսել են օրական 424-ական դոլար: Հյուրանոցները, որոնք գտնվում էին քաղաքում, զբաղեցված էին 94 տոկոսով:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվել են օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը: Դրանք առաջին Օլիմպիական խաղերն էին, որոնք տեղի են ունեցել Հարավային Ամերիկայում: Սեպտեմբերի 7-ից մինչեւ 18-ը քաղաքում կանցկացվի Պարալիմպիադան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: