
Ադրբեջանը, Ղազախստանը և Վրաստանը պայմանավորվել են նվազեցնել երկաթուղային բեռնափոխադրումների սակագները

Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի երկաթուղային ճանապարհների ադմինիստրացիանեի ղեկավարները Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշորագույն օպերատորների և բեռնատար ընկերությունների հետ: Հանդիպումների շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, բեռնափոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, հայտնում է APA գործակալությունը` հղում կատարելով «Ղազախստանի երկաթուղային ճանապարհներին»:
Մասնավորապես, խոսք է գնացել մետաղական արտադրատեսակների, հացահատիկային, նավթային, գազային բեռների փոխադրման սակագների նվազեցման, ինչպես նաև Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով կոնտեյներային փոխադրումների սակագների նվազեցման մասին:
«Մենք պատրաստ ենք առաջարկել լավ պայմաններ արտահանման և ներմուծման ապրանքների տեղափոխման համար: Օրինակ` այս տարեվերջին մենք բացում ենք ուղիղ հաղորդակցություն «Վրաստանի երկաթուղային ճանապարհների» միջոցով դեպի Թուրքիա: Այսկերպ մենք մատչում կունենանք Թուրքիայի, Հյուսիսային Աֆրիկային և արաբական երկրների նավահանգիստներին»,- ասված է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների» ղեկավարի տեղակալի հաղորդագրության մեջ:
Հանդիպման արդյունքներով կողմերը նշել են, որ Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ճանապարհների և բեռնափոխադրողների միջև ուղիղ շփումներ են հաստատվել, ինչը թույլ կտա արագ ու արդյունավետ լուծել փոխադրումների ժամանակ ծագող հարցերը: