Հայկական ստարտափն աշխարհին է ներկայացնում հայկական խոտաբույսերով պատրաստված կոսմետիկ միջոցներ
Գեղեցկության կոսմետիկ միջոցներ արտադրելու մեծ ցանկությամբ 2014 թվականի ապրիլին Նյու Յորքում հայազգի Վիկտորյա Առաքելյանը հիմնադրել է Biainili ընկերությունը: Սակայն Biainili-ն կոսմետիկ միջոցներ արտադրող տիպիկ ամերիկյան ընկերություն չէ: Օգտագործելով Հայաստանի խոտաբույսերի հարստությանը ծանոթ լինելու հանգամանքը՝ Վիկտորյա Առաքելյանը և իր գործընկերները (ամուսինը՝ Փանքայ Մեթուրը (Pankaj Mathur) և ընկերը՝ Ահարոն Հոֆմանը (Aaron Hoffman)), մշակել և զարգացրել են կոսմետիկ միջոցների յուրահատուկ փաթեթ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը և Կովկասը` առհասարակ, շատ բան կարող են տալ գեղեցկության միջոցներ արտադրող ոլորտին: Ֆրանսիան և Իտալիան համարվում են առաջատար, երբ խոսքը կոսմետիկ միջոցների մասին է, սակայն ես զգում եմ, որ Հայաստանն ունի մեծ ժառանգություն, որը կարող է կիսել աշխարհի հետ: Ինձ համար Հայաստանը կարող է դառնալ գեղեցկության նոր նպատակակետ»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Վիկտորյա Առաքելյանը:
Հենց այդ ժառանգությունն է ներկայացված Biainili ընկերության արտադրանքներում, որոնք հնարավոր է ձեռք բերել առցանց պատվերների միջոցով:
«Biainili-ն ստարտափ է, սակայն մենք ունենք մեծ նպատակներ: Մենք ուզում ենք լինել գեղեցկության միջոցներ արտադրող ընկերությունների առաջատարների ցանկում: Աշխատանքները շատ արագ են ընթանում»,- ասում է Վիկտորյա Առաքելյանը:
Ստարտափի նպատակներից է՝ բացել սեփական խանութների ցանց, որտեղ սպառողները կկարողանան փորձել և գնել իրենց արտադրանքը:
«Ապագայում նպատակները շատ են: 2017-ին մենք ցանկանում ենք բացել խանութ Նյու Յորքում: Հաշվի առնելով հայերի մեծ քանակը՝ հետագայում կա նպատակ՝ ունենալու խանութ նաև Լոս Անջելեսում: Մենք ուզում ենք լինել գեղեցկության միջոցներ արտադրող ընկերություն, որ կներկայացնի նրանց»,- նշում է Վիկտորյա Առաքելյանը:
Biainili-ն չի ցանկանում ներկայացնել իր արտադրանքը միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ստարտափի թիմը ցանկանում է բացել խանութ Հայաստանում արդեն հաջորդ տարի: Սրան նպաստել է կոսմետիկ միջոցների նկատմամբ մեծ հետաքրքրությունն արտասահմանից:
«Շատ մեծ հետաքրքրություն կա Եվրոպայի և Ավստրալիայի հայերի կողմից: Դրա համար էլ մենք սկսեցինք իրականացնել միջազգային վաճառքները նախատեսվածից շուտ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Biainili-ն ընկերություն է, ում գրկաբաց են ընդունել Միացյալ Նահանգների և Եվրոպայի հայկական համայնքները՝ Վիկտորյա Առաքելյանը հույս ունի, որ դա կօգնի տարածել ընկերության արտադրանքն ամբողջ աշխարհում.
«Ես կարծում եմ, որ մեր արտադրանքն ունի հնարավորություն՝ տեղ գրավելու գեղեցկության միջոցներ արտադրողների շուկայում»:
Biainili-ից զատ՝ Վիկտորյա Առաքելյանը նշում է, որ ցանկանում է օգնել հայ գյուղացիներին, ովքեր մշակում են այդ խոտաբույսերը: Շատ խոտաբույսեր ձեռք են բերվում անմիջապես Հայաստանից, և դա կարող է օգնել հայ ֆերմերներին շարունակել մշակել հայկական ավանդական խոտաբույսերը:
«Ես ցանկանում եմ ստեղծել կապ փոքրիկ հայկական գյուղերում ապրող գյուղացիների և աշխարհի ֆերմերների մեջ»:
Biainili-ն նորաստեղծ ընկերություն է, սակայն արդեն իսկ գրանցել է մեծ հաջողություններ: Առցանց վաճառքներով և մյուս տարի նախատեսվող խանութների միջոցով հայկական ստարտափը կարող է դառնալ ոգեշնչում շատ կանանց համար, ովքեր ցանկանում են լինել գեղեցիկ և առողջ:
Սիրարփի Աղաբաբյան