«Արտաքին ուժերը կարող են լինել սրա հետևում, բայց քանի որ առջևում ընտրություններ են, գուցե ինչ-որ ներքին խնդիր են սրանով լուծում». Վրացագետը՝ գազամուղի պայթեցման փորձի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Հայաստան եկող գազամուղի պայթեցումը: Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Վրացագետ Ալիկ էրոյանցը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվությունը սահմանափակվում է միայն պաշտոնականով, իսկ կազմակերպվածի նպատակը հասկանալու համար պետք է սպասել մանրամասներին. «Եթե պարզվի, որ, օրինակ՝ հետքերը տանում են Ադրբեջան, արդեն պարզ կլինի՝ ինչ խնդիր էին լուծում: Եթե Ռուսաստանից է, ուրեմն՝ ավելի շատ Վրաստանում կայանալիք ընտրությունների հետ կարող է կապված լինել: Այս պահին ուղղակի պաշտոնական տեղեկատվությունը շատ սահմանափակ է»:
Իսկ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ իրենց պլաններն իրականացնելու նպատակով՝ հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառազանգված՝ այնտեղից պայթանյութեր վերցնելու: Սակայն դրանք վերցնելու պահին նրանք ձերբակալվել են: Կալանավորվածներից մեկի տանը համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք պլանավորում էին իրականացնել պայթյունները:
Ալիկ Էրոյանցի խոսքով՝ նման դեպքերը չարժե կապել երկրի ընդհանուր տրամադրությունների հետ. «Ինձ թվում է՝ արտաքին ուժերը կարող են լինել սրա հետևում, բայց քանի որ առջևում ընտրություններ են, գուցե ինչ-որ ներքին խնդիր են սրանով լուծում: Առջևում ընտրություններ են, քաղաքական ուժերը պայքարում են, կարող է դրա հետ կապված լինել, կամ դրա հետ կապված՝ արտաքին ուժերի ազդեցությամբ լինել: Այսինքն՝ կան տարբեր հանգամանքներ, որոնցից ոչ մեկը չենք կարող բացառել, մինչև չլինի օբյեկտիվ քննություն»: