Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Հայաստան եկող գազամուղի պայթեցումը
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը: Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՊԱԾ-ի ներկայացուցիչը, կալանավորվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքվով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը եւ Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալված են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:
Բացի այդ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ինչպես նաեւ հանցագործության մասին չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ-ն:
Իրենց պլաններն իրականացնելու նպատակով՝ հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղեւորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառազանգված՝ այնտեղից պայթանյութեր վերցնելու: Սակայն դրանք վերցնելու պահին նրանք ձերբակալվել են: Կալանավորվածներից մեկի տանը համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք պլանավորում էին իրականացնել պայթյունները:
Հետաքննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ-ի հակահետախուզության դեպարտամենը: