ՀՀ նախագահի խոսնակը՝ Բրայզայի հայտարարությունների մասին
ՀՀ նախագահի խոսնակը ո´չ հերքում, ո´չ հաստատում է տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժանանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված առաջարկը՝ նորմալ տարանցման և Հայաստանի հետ տնտեսական կապերը վերականգնելու դիմաց Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված երկու տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ մասին, հիշեցնենք, իր հոդվածում օրեր առաջ գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
168.am-ի հետ զրույցում հարցին, թե արդյոք կարո՞ղ է հերքել կամ հաստատել փաստը, որ Վ.Պուտինն առաջարկել է սկսել 2 շրջանների վերադարձից, և Ս.Սարգսյանը ողջունել է դա, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
Նա հրաժարվեց մեկնաբանել նաև Բրայզայի հայտարարությունները, որ 2007թ.-ին «վերադարձվելիք» շրջանները բոլոր 7-ն էին, ապա Ս.Սարգսյանը փոխել է իր դիրքորոշումը և առաջարկել վերադարձնել Ադրբեջանին միայն 5 շրջան:
«Այս դեպքում ճիշտ կլինի՝ հոդվածի հեղինակից պարզաբանումներ ստանաք: Ես իրավասու չեմ՝ փորձագետի վերլուծություններ մեկնաբանեմ: Այդպիսի հարյուրավոր փորձագիտական, վերլուծական հոդվածներ են տպագրվում, մենք բոլորը չենք մեկնաբանում»,- ասաց Վ.Հակոբյանը:t