Շինմոտաժային աշխատանքները կաճեն, շինարարությունը՝ ոչ

Հայաստանյան ԶԼՄ-ները, անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի ասուլիսին, գրեցին, որ  ՀՀ կառավարությունն այս տարի նախորդ տարվա նկատմամբ երկրում շինարարության ոլորտի 1 տոկոս աճ է ակնկալում:

«Շինարարության ոլորտում վերջին տարիներին շատ լուրջ խնդիրներ են առաջ եկել՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ: Շինարարության ոլորտը զերծ չի մնացել այդ ճգնաժամից: 2014թ. շինարարության ծավալների անկումը շատ մեծ էր՝ 12-13 տոկոս: 2014թ. բավականին լուրջ ծրագրեր սկսեց իրականացնել նախարարությունը, և դրանց արդյունքում մենք արդեն 2015թ. կարողացանք այդ աճը 2014թ. նկատմամբ հասցնել 0.3 տոկոսի: Իսկ 2016թ. առաջին կիսամյակում շինմոնտաժային աշխատանքների ծավալի առումով 2 տոկոս նվազում ունենք, բայց նախարարության և կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մենք տարվա վերջում կանխատեսում ենք 1 տոկոս աճ»,- օգոստոսի 19-ին լրագրողների հետ ասել էր Արմեն Ղուլարյանը:

Սակայն այստեղ կա մեկ «մանրուք». քաղաքաշինության փոխնախարարը խոսքի առաջին մասում խոսում է մի ցուցանիշից (շինարարությունից), իսկ խոսքի վերջում՝ մեկ այլ ցուցանիշի մասին (շինմոնտաժային աշխատանքների ծավալի)։

Իսկ դրանք տարբեր ցուցանիշներ են և անկման տարբեր տեմպ են գրանցել։

Շինմոնտաժային աշխատանքների ծավալը այս տարվա հունվար-հունիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 32.1 մլրդ դրամ։ Այս առումով Արմեն Ղուլարյանը ճիշտ թիվ է հնչեցրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինմոնտաժային աշխատանքների ծավալը նվազել է 2%-ով։

Սակայն ընդհանուր շինարարության ծավալը (որն ավելի ընդգրկուն ցուցանիշ է) կազմել է 34.7 մլրդ դրամ, և նախորդ տարվա համեմատ շինարարությունը նվազել է 7.8%-ով։

Կիսամյակի կտրվածքով 2%-անոց անկումը հնարավոր է վերածել 1% աճի, սակայն 7.8% անկումը աճի վերածելը այս պայմաններում իրատեսական չէ։ Այնպես որ, ըստ ամենայնի, քաղաքաշինության փոխնախարարը նկատի է ունեցել հենց շինմոտաժային աշխատանքների ծավալը, իսկ շինարարությունը 2016 թվականը կփակի անկումով։

Տեսանյութեր

Լրահոս