Թուրքիայում ադրբեջանցիներ են ձերբակալվել «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկուն սպանելու կասկածանքով

Թուրք իրավապահները 4 մարդու են ձերբակալել Ստամբուլում ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևին (Լենքորանսկի) սպանելու կասկածանքով, հաղորդում է թուրքական Milliyet թերթը:

Ձերբակալվածներից երեքը Ադրբեջանի քաղաքացիներ են, չորրորդը` Թուրքիայի, հայտնում է պարբերականը:

Ոստիկանները հարցաքննում են կասկածյալներին Ստամբուլի Գայրեթեփե շրջանի ոստիկանությունում:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել Ռովշան Լենքորանսկու մեքենայի ուղղությամբ: Դեպքի հետևանքով նա և վարորդը տեղափոխվել էին հիվանդանոց:
Hurriyet-ի տեղեկություններով` սպանության վայրում ոստիկանները հայտնաբերել են 65 փամփուշտ և իսրայելական արտադրության` խլացուցիչով Uzi ատրճանակ:

Դեպքը տեղի էր ունեցել Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում` «լյուքսային» հյուրանոցներից մեկի հարևանությամբ:

Ջանիևի մեքենայի ուղղությամբ անկանոն կրակ էր բացվել:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել «օրենքով գողի» հուղարկավորությունը Ադրբեջանի Լենքորան քաղաքում: Ջանիևը թաղվել է հոր հարևանությամբ: «Օրենքով գողի» հուղարկավորությանը ներկա են եղել բազմաթիվ մարդիկ:
Լենքորանսկու մարմինը Ստամբուլից Լենքորան էր բերվել հատուկ չվերթով:

Նրան կասկածում էին 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գնդակահարությանն առնչություն ունենալու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս