«Ռուսաստանին մեր տարածաշրջանում երկու բան պետք չեն». Ալեքսանդր Իսկանդարյան

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացն այսօր հնարավոր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ նույնիսկ դժվար է նախագահների հանդիպումից որևէ առաջընթաց ակնկալել:

Նրա կարծիքով՝ բանակցությունները նպատակ ունեն հենց իրավիճակի լարման հավանականությունը նվազեցնել: Ըստ նրա՝ փորձում են միջոցներ գտնել՝ իրավիճակը դեէսկալիզացնելու համար, սակայն ինքը դրան թերահավատորեն է մոտենում. «Կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահների ունեցած լծակները բավարար չեն Ադրբեջանի վրա բավականաչափ ճնշում գործադրելու համար, որպեսզի չլարի իրավիճակը»:
Ըստ Ա. Իսկանդարյանի՝  նավթի գնի անկումը նույնպես կարող է ազդել ԼՂՀ հակամարտության վրա, բայց նրա խոսքով՝ դա միանգամից չի ազդի:
Քաղաքագետը համոզված է՝ այժմ պետք չէ սպասել, որ բանակցություններում բեկում կլինի: Նա նկատեց, որ քառօրյա պատերազմից հետո փորձեր էին արվում, որ ինչ-որ բան փոխվի, բայց աստիճանաբար այդ ակտիվությունը պակասեց:

«Բակո Սահակյանի հայտարարությունից հետո մամուլն ինչ-որ կտորներ է պոկում և հայտարարում, որ նա ասել է՝ մենք պատրաստ ենք գնալ զիջումների, որ կոնֆլիկտը կարող է լուծվել համատեղ զիջումների շնորհիվ: Մյուս մասի մասին ավելի հազվադեպ է խոսվում, որ նախ և առաջ՝ պետք է կրակոցները դադարեցնել, դիպուկահարներին հանել, Լեռնային Ղարաբաղին վերադարձնել բանակցությունների սեղան, վստահության միջոցներ տեղադրել: Այդ ժամանակ հնարավոր կլինի փոխզիջումների մասին խոսել: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի համար ընդունելի չէ»,- նշեց քաղաքագետը:

Ա. Իսկանդարյանի խոսքով՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանում  երկու բան պետք չեն՝ խաղաղություն և պատերազմ. «Ռուսաստանին պետք է պահպանել Հայաստանի, Ղարաբաղի և  Ադրբեջանի կախվածությունն իրենից: Ռուսաստանին պետք է իրավիճակը պահել այն շրջանակներում, ինչը կա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս