
«Բարսելոնան» փակուղում է. ո՞վ պետք է փոխարինի Կլաուդի Բրավոյին

Կատալոնական «Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում: Արդեն երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ կատալոնական ակումբի դարպասապահ Կլաուդիո Բրավոն ցանկանում է հեռանալ թիմից, սակայն կատալոնացիների կողմից չէր արվում ոչ մի քայլ նոր դարպասապահ ձեռք բերելու գործով:
Իսպանական մամուլը նշում է, որ արդեն մոտակա օրերին Բրավոն կկնքի պայմանագիր «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս էնրիկեն օրերս նշել էր, որ ամեն ինչ կանի Բրավոյին պահելու համար: Նա արգելել էր Բրավոյին անգամ մտածել հեռանալու մասին:
Հիմա, երբ կարծես թե Բրավոն վերջնականապես որոշել է հեռանալ, կապտանռնագույնները փնտրում են նրան փոխարինողի տարբերակները:
Տարբերակներից առաջինը «Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսն է, ում ծառայությունները հետաքրքրում էին կատալոնական ակումբին դեռ 2 տարի առաջ: Ըստ իսպանական մամուլի՝ Ալվեսը գերազանց տարբերակ է «Բարսելոնայի» համար:
Խոսվում է նաև Պեպե Ռեյնայի և Ալֆոնս Արեոլանի թեկնածությունների մասին:
Սիրարփի Աղաբաբյան