«Երևանում նոր աղբավայր պետք է կառուցվի». Կարինե Դանիելյան
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի պնդմամբ՝ Հայաստանում տարեկան 40 միլիոն տոննա արդյունաբերական թափոն է առաջանում և 2.5 միլիոն տոննա կոմունալ թափոն: Ըստ նրա՝ Հայաստանում արդյունաբերական աղբի 1.3 տոկոսն է վերամշակվում, իսկ կոմունալ աղբի 0.3 տոկոսը:
«Շատ կարևոր է, որ այդ թափոնները տեսակավորվեն և վերամշակվեն, քանզի հետագայում դրանք կյանքի համար վտանգավոր նյութեր են առաջացնում»,- այսօր ասուլիսում ասաց Կ. Դանիելյանը:
Բնապահպանը նշեց, որ Հայաստանում ծրագրեր են մշակվել թափոնների տեսակավորման և վերամշակման ուղղությամբ:
«Երևանում նոր աղբավայր պետք է կառուցվի, որտեղ աղբը տեսակավորվելու է և վերամշակավորվելու: Բացի դրանից, մեր երկիրն այդ ուղղությամբ համագործակցում է ճապոնական, գերմանական, ֆրանսիական և այլ երկրների ներկայացուցիչների հետ: Նրանց հետ մշակվում են բավականին լավ ծրագրեր: Օրինակ՝ Ճապոնիայի ներկայացուցիչների հետ աշխատում ենք Սյունիքում, Վայոց ձորում, Գերմանիայի զարգացման գործակալության հետ՝ Լոռիում, Տավուշում: Կարծում եմ, երկու-երեք տարիների ընթացքում այդ ծրագրերը կիրականացվեն»,- եզրափակեց Դանիելյանը: