Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները հայտնի են
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից կազմակերպված Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: Երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Հասմիկ Բաբայանի (ծածկագիր 37964) նախագիծը՝ արժանանալով 350 հազար ՀՀ դրամ մրցանակի:
Երկրորդ հորիզոնականում հաղթող են ճանաչվել Ստորակետ ճարտարապետական արվեստանոցը (ծածկագիր 28948), ինչպես նաև Աննա Հակոբյանը և Լիլիթ Մարտիրոսյանը (ծածկագիր 78965): Երկրորդ տեղի մրցանակն է 500 հազար ՀՀ դրամ:
Գնահատող հանձնաժողովի մեծամասնության կարծիքով առաջին մրցանակային տեղի համապատասխան նախագիծ չկար, այդ իսկ պատճառով շնորհվել են միայն 2-րդ և 3-րդ տեղի մրցանակներ: Գնահատող հանձնաժողովը բաղկացած էր վեց հոգուց, որոնցից երեքը ճարտարապետական ոլորտի ներկայացուցիչներ էին, իսկ մյուսները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի:
Մրցույթի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:
Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն:
Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ:
Մրցույթն իրականացվում էր Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: