Արգենտինական դատարանը սկսել է բանաստեղծ Գարսիա Լորկայի մահվան հանգամանքների հետաքննությունը

Արգենտինայի դատարանը սկսել է հետաքննել իսպանացի պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հանգամանքները, հայտնում է BBC-ն:

Դատավոր Մարիա Սերվինին նման որոշում է կայացրել ի պատասխան Իսպանիայի պատմական հիշողության վերականգնման ասոցիացիայի հարցմանը, հայտնել են կազմակերպությունից:

Դատավոր Սերվինին արդեն հետաքննում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մի շարք հանցագործություններ, և Լորկայի գործը նրա հետաքննության գործերից է:
Իսպանացի պոետն ու դրամատուրգը եղել է ձախ գաղափարների կողմնակից և աջակցել է իսպանական հանրապետությանը: Նա կալանավորվել էր Գրանադայում դրա հակառակորդների` ֆրանկիստների կողմից Քաղաքացիական պատերազմն սկսելուց հետո:

Ենթադրաբար, Լորկան գնդակահարվել է ձերբակալության հաջորդ օրը: Նրա աճյունն այդպես էլ չէր հայտնաբերվել:

Պատմաբանները նշում են, որ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը երկու կողմից կազմել է 500 հազար մարդ:

Տեսանյութեր

Լրահոս