
Ֆրանսիայի վարչապետն աջակցել է երկրում մուսուլմանական լողազգեստների արգելքին

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն իր աջակցությունն է ցուցաբերել երկրի մի շարք շրջաններում բուրկինի կոչվող մուսուլմանական լողազգեստների արգելքին, որոնք ծածկում են ողջ մարմինը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիական «Պրովանս» թերթին տված հարցազրույցում Վալսը բուրկինիների կրումը անվանել է քաղաքական նախագիծ, որը, նրա խոսքով, հավերժացնում է կանանց ստորացումն ու անհամատեղելի է ֆրանսիական արժեքների հետ:
Վալսը, սակայն, խոստովանել է, որ բուրկինիների արգելքը չի լուծում ջիհադիստների հարձակման խնդիրը, որը ցնցել է Ֆրանսիան վերջին ամիսներին:
Մարմինը փակող լողազգեստները որոշ մուսուլմանուհիներ կրում են` հետևելով շարիաթի կանոններին:
Դեռևս 2009թ. Ֆրանսիայի իշխանությունները արգելել էին լողալ բուրկինիներով հասարակական լողավազաններում` հղում կատարելով հիգիենայի կանոններին:
Ավելի վաղ Կաննի իշխանությունները լողափեր այցելությունների նոր կանոններ էին սահմանել: Liberation թերթի տեղեկություններով՝ արգելվում է քաղաքային լողափեր այցելել բուրկինիով: