
Մինո Ռայոլան «Մանչեսթեր Յունայթեդի» փողերով գնել է Ալ Կապոնեի առանձնատունը

Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան սկսել է ծախսել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ կատարած գործարքներից ստացած գումարները:
Մինո Ռայոլան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողացել է հաջողությամբ ավարտել իր հաճախորդներ Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Միայն Պոլ Պոգբայի տրանսֆերից Մինո Ռայոլան 20 միլիոն եվրո եկամուտ է ստացել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մինո Ռայոլան Ֆլորիդայում 7 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել, որը ժամանակին պատկանել է իտալական ծագումով հայտնի գանգստեր Ալ Կապոնեին:
Նշվում է, որ Ալ Կապոնեն առանձնատունը ձեռք է բերել 1928թ., և այդ ժամանակաշրջանին բնորոշ յուրահատուկ դիզայնը պահպանվել է մինչ օրս:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մինո Ռայոլայի ջանքերով 2016թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Մխիթարյանի տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարել է 42 միլիոն եվրո: Այնուհետև կրկին Ռայոլայի ջանքերի շնորհիվ անգլիական ակումբի շարքերը համալրեց ֆրանսիացի աստղ, «Յուվենթուս»-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Պոլ Պոգբան:
Թեև Պոգբայի տրանսֆերային արժեքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն տարբեր հրապարակում ների համաձայն անգլիական ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանի համար իտալական ակումբին վճարել է 105 միլիոն եվրո: Զլատան Իբրահիմովիչը ևս «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Ռայոլայի ջանքերով, սակայն նա անգլիական ակումբի շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով: