
Բաքվում կոչ են անում Լինչի դատաստանի ենթարկել Ռիոյում հայ մարզիկին պարտված ադրբեջանցի ըմբիշին

Ռիոյի օլիմպիական խաղերում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին պարտված ադրբեջանցի ըմբիշ Ռասուլ Չունաեւին (66 կգ) Ադրբեջանում կոչ են անում Լինչի դատաստանի ենթարկել: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը` նշելով, որ հայ ըմբիշին Ռասուլ Չունաեւի պարտությունը դարձել է Ադրբեջանում երեկվա գլխավոր թեման:
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մեծ մասը խստորեն քննադատել է Չունաեւին, վիրավորանքներ հնչեցրել նրա հասցեին: Նրանք անգամ առաջարկել են ստորագրություններ հավաքել Ադրբեջանի քաղաքացիությունից նրան զրկելու համար, կոչեր են հնչել երկիր վերադառնալու ժամանակ օդանավակայնում նրան Լինչի դատաստանի ենթարկելու մասին:
Ուշագրավ է, որ համերկրացիների Լինչի դատաստանի կոչերին արժանացած Ռասուլ Չունաեւը, որն այդ առնչությամբ հայտարարել է, որ անհրաժեշտ է տարանջատել սպորտը քաղաքականությունից, բազմիցս ըմբշամարտի գորգը վերածել է քաղաքականի: Հայի նկատմամբ հաղթանակից հետո նա զինվորականի քայլքով զինվորական պատիվ է տվել՝ այդպես քաղաքականացնելով իր հաղթանակը:
Ադրբեջանի ղեկավարության հրահանգով հայատյաց դարձած` դեգրադացված հասարակությունը իր ներկայացուցչի նկատմամբ հայի յուրաքանչյուր հաղթանակ, անկախ բնագավառից, ցավագին է ընդունում եւ «մահապատժի» ենթարկում օր առաջ «հերոսացրած» իր քաղաքացուն:
Այդպես եղավ նաեւ Ռասուլ Չունաեւի հետ: Նա եւս բախվեց իր վաստակած այն իրավիճակի հետ, երբ «իշխանիդիրքից իջեցվեց ցեխը», -գրում է ադրբեջանական կայքը: