Բաժիններ՝

«Փա՛ռք ձեզ, ձեզ ծնող-դաստիարակողներին և մեր ժողովրդի՛ն». Հերմինե Նաղդալյանը՝ օլիմպիական մեդալներ նվաճած հայ մարզիկներին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է Ռիոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ընթացքում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ մեր հրաշալի մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին՝ օլիմպիական չեմպիոնի ամենաբարձր տիտղոսը նվաճելու, Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին՝ այս մեծ հաղթանակների կապակցությամբ, որոնք, վստահ եմ, օրինակ են ծառայելու հազարավոր պատանի մարզիկների, ապագա չեմպիոնների, հայ ազգի պատիվը բարձր պահող հայորդիների համար: Օլիմպիական բարձունքը նվաճած մեր դյուցազունն իր փայլուն հաղթանակով ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ազգն անպարտելի է: Սիրելի՛ Արթուր, կեցցե՛ս, հրաշալի նվեր մատուցեցիր մեր ժողովրդին, քո հազարավոր երկրպագուներին: Շնորհակալ ենք այն երջանիկ պահերի, հաղթական ակնթարթների համար, որ պարգևեցիր մեզ՝ բարձր պահելով հայրենական սպորտի ու մեր ազգի պատիվը:

Սիրելի՛ տղաներ, հպա՛րտ ենք ձեզնով և վստահ, որ համաժողովրդական ցնծության և ուրախության այս պահերը մշտապես մնալու են հայ ժողովրդի պատմության ու հիշողության մեջ: Ձեր հաղթանակները, նվիրված սահմանին կանգնած հայ զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին, ազգային և մարդկային հատկանիշների բարձրագույն դրսևորումներ են: Փա՛ռք ձեզ, ձեզ ծնող-դաստիարակողներին և մեր ժողովրդի՛ն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս